Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ արդարադատության նախարարության կազմակերպած այսօրվա հանրային քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Ասենք, ընտրողը չի ցանկանում ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակից օգտվել որեւէ մեկին նշել, բայց համամասնական ցուցակին կողմ է, ընտրում է ԲՀԿ-ին, ռեյտինգայինում չի տեսնում իր համար ընկալելի կերպար: Հիմա նրա քվեաթերթիկը համարվում է անվավե՞ր, եթե չի նշում ռեյտինգայինում»:
Դավիթ Հարությունյանը Զոհրաբյանին ասաց, որ պետք չէ այլեւս օգտագործել ռեյտինգային տերմինը:
«Մեկը սխալմամբ օգտագործել է այս տերմինը, ինչից հետո այդ սխալ հասկացությունը տարածում է գտել: Ռեյտինգայինի պարագայում ընտրում են ռեյտինգով, այսինքն՝ առաջին տեղում նախընտրում եմ այս թեկնածուին, երկրորդ տեղում՝ այս: Սա է ռեյտինգայինը, իսկ այն համակարգը, որը ձեզ առաջարկվել է, կոչվում է համամասնական ընտրություն՝ բաց ցուցակներով: Եթե ընտրողը խաչ է քաշել թեկնածուների վրա, բայց համամասնականին քվեարկել է, բնականաբար, որեւէ թեկնածուի օգտին ձայն չի հաշվվելու, բայց այդ քվեաթերթիկը պատշաճ քվեաթերթիկ է՝ կուսակցության օգտին»,- ասաց Հարությունյանը:
Նաիրա Զոհրաբյանին անհասկանալի թվաց Հարությունյանի մեկնաբանությունը. «ինչո՞ւ չի կարող մի անձը ներկայացվել մի քանի ընտրատարածքների ռեյտինգային ցուցակում: Օրինակ, ես կուզենայի բոլոր 13 ընտրատարածքներում էլ ռեյտինգայինով անպայման դնել, ես դնելու եմ: Ինչո՞ւ երկու տեղ հնարավորություն չպետք է ունենա թեկնածուները դնել ռեյտինգայինով իրենց թեկնածությունը»:
Կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ համամասնական ցուցակի եռյակում կարող է լինել թեկնածուն: