Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, հանրապետության մարզպետները եւ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական աշխատանքներին, հակահեղեղային միջոցառումների իրականացմանը, սոցիալական ծառայությունների բարելավմանը եւ մի շարք այլ հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մարզպետարանների հետ իրականացված համակարգված աշխատանքների արդյունքում նախորդ տարի գյուղոլորտում արձանագրվել է 11,7 տոկոս տնտեսական աճ, իսկ 2015 թվականին 2014-ի համեմատ առաջին անգամ մշակվել է 19 հազար հա ավելի հողատարածք: Ներկա դրությամբ մշակվող վարելահողերի ծավալը ՀՀ-ում կազմում է 79 տոկոս: Նախարարը զեկուցել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են Արարատյան դաշտավայրում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Կոտայքում, ինչին նպաստել են նաեւ բարենպաստ եղանակային պայմանները: Գարնանացան գարու սերմացուի 70 տոկոսը բաշխվել է գյուղացիական տնտեսություններին, ընթացքի մեջ է պետության սուբսիդավորմամբ գյուղացիներին հատկացվելիք պարարտանյութերի ներկրման գործընթացը, իսկ դիզվառելիքն արդեն տրամադրվել է: Վարչապետի հանձնարարությամբ սկսվել է նաեւ կառավարության կողմից 6 տոկոսով սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման գործընթացը՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով: Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարվա խնդիրները բացառելու նպատակով արդեն իսկ սկսել են աշխատել վերամշակող կազմակերպությունների հետ՝ մթերումները պատշաճ կազմակերպելու համար: Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում վերջին երկու ամիսներին արձանագրվել է պտուղ բանջարեղենի արտահանման ծավալների աճ. այսօրվա դրությամբ արտահանվել է 17 հազար 800 տոննա պտուղ բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 հազար 300 տոննայի դիմաց:
Անդրադարձ է կատարվել ոռոգման սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ իրականացվում են համապատասխան քայլեր, որպեսզի բոլոր պոմպակայաններն առանց որեւէ խնդրի պատրաստ լինեն սեզոնի մեկնարկին: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ այս հարցում որեւէ խնդիր չպետք է լինի եւ գյուղացին ոռոգման ջուրը պետք է ստանա ժամանակին:
Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել են Համաշխարհային բանկի «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» շրջանակներում համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների կազմակերպման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ՀԲ 2-րդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում ստեղծել եւս 37 տարածքային կենտրոն, որոնցից 20-ը պետք է շահագործման հանձնվի ընթացիկ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, նման կենտրոնների թիվը ներկայիս 18-ից պետք է հասցվի 52-ի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ մարզպետների հետ քննարկել կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ տարածքների հատկացման հարցը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Վարչապետն անդրադառնալով Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատանքին, եւս մեկ անգամ կարեւորել է դրանց թափանցիկ եւ անաչառ գործունեությունը, միջոցները խիստ արդյունավետ օգտագործելու նպատակով: Կառավարության ղեկավարը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին եւ մարզպետներին հանձնարարել է շարունակել հետեւողական քայլերը՝ ՍԾՏԳ-ների գործունեությունն առավելագույնս թափանցիկ դարձնելու եւ խախտումները բացառելու նպատակով:
Այնուհետեւ քննարկվել են 2016 թ.-ի ընթացքում առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ այդ նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվելու է շուրջ 680 մլն դրամ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: Ծրագրով կիրականացվեն նաեւ Արաքս գետի ափամերձ հատվածների ամրացման աշխատանքներ: