Հասարակություն 

Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա խաղաղության, միասնության ու համերաշխության երթը

analitik.am

 

Խաղաղության, միասնության ու համերաշխության երթ տեղի կունենա սեպտեմբերի երկուսին, Երևանում: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման Կենտրոնական Գրասենյակի տնօրեն և «Երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մկրտչյանը:

«Երթը տեղի է ունենալու Պաշտպանության նախարարության նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաև խաղաղապահ խմբի ներկայությամբ»,-ասաց նա:

Երթի նախաձեռնողներից Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ երիտասարդաց կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով նույնպես ներկա էր ասուլիսին, ասաց. «Երիտասարդները վերջին շրջանում շատ են համագործակցում բանակի հետ: Սա այն պահն է, որ մենք հանդես ենք գալիս որպես մեկ ազգ, մեկ եկեղեցի»:

Երթի նպատակների մասին «Համահայկական բանակ շարժում» ծրագրի համակարգող Գուրգեն Սիմոնյանն էլ նկատեց, որ հոգևոր ներուժը կարելի է համարել ազգի բավարարվածության աստիճանը, և այդպիսով պետք է ցույց տալ, որ հայ հասարակությունը համախմբված և համախոհ է:

«Այս խնդիրը բոլորինս է, մենք ունենք մեկ նպատակ, դա մեր ապագայի համար պայքարն է և խաղաղության հաստատումը»,-ասաց նա:

Նույն շարքից