Հասարակություն 

Կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում են որոշակի նախագծային շեղումներով. Արամայիս Գրիգորյան

analitik.am

Այսօր մենք  ունենք լուրջ խնդիրներ, կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանում սահմանված ՋԹ-ները /ջրի թույլտվություն/, չեն պահպանվում էկոլոգիական թողքերը: Այս մասին ՀՀ բնապահպանության նախարարությունում «Փոքր ՀԷԿ-երի խնդիրնեը ՀՀ-ում» թեմայով հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, հանրապետության 22 ՓՀԷԿ-երի, ինչպես նաեւ խնդրով մտահոգ հասարակական կառույցների ներկայացուցիչներ` Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը եւ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը: Վերջիններս ԶԼՄ-ներով պարբերաբար բարձրաձայնում են ՀՀ տարբերի գետերի վրա տեղակայված ՓՀԷԿ-երի առաջացրած բնապահպանական խնդիրնների եւ այս ոլորտի վերանայման եւ բաեփոխման անհրաժեշտության հարցը:

«Մենք` որպես ոլորտի գործունեությունը կանոնակարգող լիազոր մարմին, նոր մոտեցումներ ենք ցուցաբերելու, առավել խիստ ենք լինելու խախտումների ու չարաշահումների նկատմամբ, ուստի հարկ համարեցի այսօր կազմակերպել նման խորհրդակցություն՝ լսելու համար նաեւ ձեր հարցերն ու առաջարկությունները ` կապված ոլորտի հետ»,-ասել է նախարարը:

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, շնորհակալություն  է հայտնել չափազանց կարեւոր հանդիպումը կազմակերպելու համար եւ իր խոսքում նշել, որ ՓՀԷԿ-երը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար, ՀՀ զագացած ու կարեւորագույն ոլորտներից մեկն է եւ պետք չէ առանձին դեպքերի բացթողումները տարածել բոլորի վրա եւ միանշանակ քննադատաբար մոտենալ ամբողջ ոլորտին. «Մենք պետք է հնարավորն անենք այս ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար, քանի որ մենք տեսել ենք 1990-ականների հոսանքազրկումները եւ գիտակցում ենք ՓՀԷԿ-երի կարեւորությունը էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման համար: Այո, կան որոշակի խնդիրներ, որոնք վերջին տարիներին ավելի շատ կապված են սակավաջրության հետ եւ չի կարելի հարցերը միակողմանի դիտարկել»:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը եւ ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի Ժ/պ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել են իրենց մասնագիտական դիտողությունները եւ փոքր ՀԷԿ-երի նախագծման ու շահագործման ընթացքում վերանայման ու փոփոխության կարիք ունեցող դրույթները:

Մ. Քամալյանը մասնավորապես նշել է. «ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման ժամանակ ՀՀ ԲՆ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործընթացի տարբեր փուլերում առաջանում են բնապահպանական լուրջ խնդիրներ, ոլորտը դարձել է բարձր ռիսկայնության, հասարակության դժգոհությունը գնալով մեծանում է: Վերջին 4 ամսում իրականացվել են 18 ՓՀԷԿ-երի ստուգումներ, կազմվել են 1,7 մլն դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ շրջական միջավայրին հասցրած վնասը հաշվարկվել է մոտ 474մլն դրամ: Թիրախային դաշտում են հայտնվել Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Լուռու մարզերի ՓՀԷԿ-երը»: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Մ. Քամայանն առաջարկել է իրականացնել ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում` վերանայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված էկոլոգիական թողքերի թույլատրելի ծավալները, հաշվի առնելով, որ էկոլոգիական թողքը պետք է հաշվարկվի` ելնելով կոնկրետ տվյալ ջրահավաք ավազանի էկոհամակարգի պահպանության կարիքներից` նկատի ունենալով տվյալ օբյեկտի էկոլոգիական առանձնահատկությունները /օրինակ` սահմանել ծավալները յուրաքանչյուր ամսվա համար կամ դադարեցնել այդ ամիսներին ՓՀԷԿ-երի աշխատանքները/ եւ այլն:

Բնապահպան Լեւոն Գալստյանը բարձրացրել է էկոլոգիական թողքի ծավալների սահմանման վերանայման անհրաժեշտությունը, եւ կոչ արել ՓՀԷԿ-երի սեփականատերերին գործունեության ընթացքում վերանայել մոտեցումները, քանի որ հանրապետության մոտ 35 ՓՀԷԿ-երում իրենց /ՀԲՃ/ դիտարկումներով չեն պահպանվում էկոլոգիական թողքերը, ձկնանցարանները չոր են եւ այլն:

Էկոլուր ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը փոքր ՀԷԿ-երի կողմից սոցիալական եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման եւ մեղմացման նպատակով առաջարկել է օգտվել «Փոքր ՀԷԿ-երի կայուն զարգացում էներգիայի հուսալիության համար» նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի շրջանակներում մշակված առաջարկներից:

Եզրափակելով քննարկումը՝ նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ այսուհետ ԲՆ առավել խիստ վերահսկողություն է սահմանելու ՓՀԷԿ-երի գործունեության նկատմամբ՝ բնությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաեւ նշել է, որ ջրաբաշխման մեջ առաջնահերթությունը տրվելու է ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումներին՝ հաշվի անելով տարվա սակավաջրությունը: Նախարարը հայտնել է նաեւ, որ ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է նոր մեթոդ էկոլոգիական թողքերի սահմանման հարցում եւ առաջիկայում վերանայվելու են  բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները՝ ոլորտը կանոնակարգելու եւ խախտումները նվազեցնելու նպատակով:

Նույն շարքից