Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում ակնահայտորեն աչքի ընկան մի շարք կետեր, որոնց պատճառով դժվար թե այս նոր ԸՕ-ով հնարավոր լինի կանխել ընտրակեղծիքներն ու լցոնումները: Կազմակերպված տարբեր քննարկումներում, փորձ է արվում հիմնական շեշտը դնել դիտորդների և լրագրողների թվի սահմանափակման վրա, ըստ որի ընտրատեղամասում միաժամանակ իրավունք չունեն գտնվել 8 ավելի դիտորդ և լրագրող` 5/3 հարաբերակցությամբ: Թե ինչով է պայմանավորված և ինչ սկզբունքով են նրանք ընտրվելու, անհասկանալի մնաց լրագրողներին:
Այս հարցին անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Մենք սա արել ենք, որպեսզի այն անձինք, ովքեր դիտորդ չեն, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ չեն, դիտորդի և լրագրողի անվան տակ չհայտնվեն տեղամասերում: Մենք մտածել ենք այս ամենը կանխելու համար կիրառել սահմանափակման մեխանիզմը: Սա աշխարհի շատ երկրներում տարածված մոդելներից մեկն է, բայց լավագույնը չէ»:
Հիմա անդրադառնանք ընդդիմության կողմից ներկայացված հիմնական շեշտադրումներին, որոնցից արժի առանձնացնել իրապես համամասնական ընտրություններ անցկացնելու մասին առաջարակը: Ընդդիմության ներկայացրած առաջարկում նշվում է, որ կուսակցական ցուցակում նշված լինեն միայն առաջին երեք հոգու անունը, իսկ ցուցակը լինի ընդհանուր ամբողջ հանրապետության համար: Այլապես ստացվում է այնպես, որ ստեղծված 13 ընտրատեղամասում առաջադրվելու են 2 կամ 3 քրեաօլիգարխիկ ներկայացուցիչ, ովքեր էլ հաղթելու են ընտրարշավում, և փաստացի ստացվելու է այնպես, որ ընտրությունները անցկացվելու են 100 տոկոս մեծամասնականով ու, հետևաբար, ունենալու ենք նույնատիպ գունավոր խորհրդարան: Իշխանությունների մտավախություններն այն է, որ իրենցից երես կթեքեն հիմնական ընտրակեղծարար և ընտրակաշառք բաժանող հեղինակությունները, եթե չհայտնվեն իրենց ցուցակի առաջնային տեղերում, իսկ այս կերպ նրանց քրտնաջան աշխատելու հնարավորություն է տրվում մանդատն ապահովելու դիմաց:
Կարևոր այս հարցից շեղելու համար ԸՕ նախագծում առաջ են քաշվում այնպիսի կետեր, ինչպես վերոնշյալ դիտորդների և լրագրողների մասին կետն է, որի շուրջ արհեստական աղմուկ բարձրացնելով իշխանությունները կփորձեն շեղել հիմնական խնդրից, որի շուրջ զիջումների պատրաստակամության մասին, կարծես թե հայտնեց ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյանը:
Հաշվի առնելով ընդդիմության ֆինանսական աղբյուրների իշխանական բնույթն ու նաև իշխանության ռեսուրսային հնարավորությունը համոզված ենք, որ ականատես ենք լինելու նման սցենարի բարեհաջող կիրարկմանը սկզբունքային կետերի պահպանմամբ, իսկ մի քանի արհեստական խնդիրների հարցում ընդդիմությանը զիջելով, ԸՕ նախագիծը բարեհաջող կհաստատվի ԱԺ-ում: