«Ես բիզնեսով հիմա էլ չեմ զբաղվելու: Բնականաբար, երբ պատգամավորը զբաղվում է պատգամավորական աշխատանքով, նա իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դաշնակցություն խմբակցության նոր պատգամավոր Կարեն Շահմուրադյանը` պատասխանելով հարցին, թե նրա անունը կապվում է խոշոր բիզնեսի հետ, արդյոք հակասություն չի՞ տեսնում պատգամավոր դառնալու և բիզնեսմեն լինելու մեջ:
Նշենք, որ նա «Կարկոմավտո» ընկերության հիմնադիրներից է:
Հարցին, թե այդ դեպքում ո՞վ է զբաղվելու բիզնեսով, պատգամավորը պատասխանեց. «Որևէ մեկին գաղտնիք չէ, որ այդ բիզնեսը մենք ժառանգել ենք, բիզնեսի մեջ մենք եղբորս հետ միասին ենք, կզբաղվի բիզնեսով եղբայրս»:
Հարցին, թե հնարավո՞ր է նա դառնա հերթական կոճակ սեղմող պատգամավորը, Շահմուրդյանը պատասխանեց, որ վստահեցնում է, կոճակ սեղմողներից չի լինի:
Հարցին, թե մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, նորաթուխ պատգամավորը բավական կլոր գումար է տվել ՀՅԴ-ին՝ համամասնական ընտրացուցակում հայտնվելու համար, այդպե՞ս է, նա պատասխանեց.
«Չեմ հասկանում՝ ո՞վ է տարածում այս լուրերը: Կարդացել եմ, գրված է՝ մեկ միլիոնի մասին: Ինչի՞ համար ես պետք է մեկ միլիոն վճարեմ: Եկեք հասկանանք: Այդ մանդատը, եթե ես գործարար եմ, ինչո՞վ պետք է օգնի ինձ, որ ես բարելավվեմ իմ բիզնեսը: Ես ինձ չեմ համարում ոչ հաջողակ բիզնեսմեն, որը կարիք կունենար հայտնվելու պառլամենտում, որ լծակներ ստեղծի ու բարելավվի ոչ լավ կարգավիճակը: Մենք նման խնդիր չունենք: Բիզնեսը՝ նորմալ է»: