Մարտի 14-ին ՀՀ ԱԻ նախարար, Մոսկվայի Պետական Համալսարանի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանն ընդունեց ՄՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, ՄՊՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ելենա Վարտանովային և ՄՊՀ Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Արման Զարգարյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄՊՀ-ի Երևանի մասնաճյուղի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կրթական ծրագրերն ու միջբուհական հարթակում հայ-ռուսական համագործակցությունը:
Ողջունելով հյուրին՝ նախարար Երիցյանը նշեց, որ Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի բացումը մեծ աշխատանք և ջանքեր պահանջեց և նախարարը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, կանի ամեն ինչ, որպեսզի ՄՊՀ Երևանի մասնաճյուղը դառնա Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երից մեկը:
Շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար՝ Ե. Վարտանովան շեշտեց, որ ՄՊՀ Երևանի մասնաճյուղի աշխատակազմը բավականին որակյալ և ծավալուն աշխատանք է իրականացրել ՝ կյանքի կոչելով ՄՊՀ-ի կրթական քաղաքականության սկզբունքներն ու պահանջները: Ե. Վարտանովան հատկապես խոսեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մասնագիտական կրթական ծրագրի արդիականացման մասին՝ նշելով, որ նոր լրագրողական սերունդը պետք է կրթվի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանին համահունչ՝ ներառելով մարքեթինգային տարրեր: Նախատեսվում է նաև ուսանողների վերապատրաստում ՄՊՀ-ում, ինչպես նաև՝ հայ-ռուսական համատեղ ուսանողական մեդիա-նախագծերի իրականացում:
Կարևորելով ներկայումս արագ զարգացող մի շարք մասնագիտությունների պահանջմունքներին համահունչ կրթական ծրագրերի ստեղծման խնդիրը՝ նախարար Երիցյանը նշեց. «Գիտությունն ինձ համար առաջնային տեղում է, ուստի ես հնարավորինս կաջակցեմ ՄՊՀ-ի կրթական ծրագրի արդիականացմանն ու զարգացմանը»:
Հանդիպման ավարտին փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանի ուղեկցությամբ հյուրերը ճանաչողական շրջայց կատարեցին՝ ծանոթնալով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հնարավորություններին: