Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանում՝ հայկական համայնքի տնտեսական, կրթական և քաղաքական շրջանակների հետ:
«Արցախ Րութս Ինվեսթմընթ» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր
ժողովում դիմելով ներկաներին՝ Ա.Հարությունյանը գոհունակություն է հայտնել
ընկերության կողմից նախորդ տարիներին Արցախում կատարված աշխատանքներից, որոնք ընդգրկել են միլիոնավոր դոլար ներդրումներ:
«Ուրախ եմ, որ տարեցտարի աճում է թե՛շահառուների, թե՛ բաժնետերերի թիվը, ինչը վկայում է ծրագրի արդյունավետության և վստահելիության բարձր մակարդակի մասին: Հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ավելի շոշափելի ձեռքբերումներ կարձանագրենք մեր ճանապարհին՝Քաշաթաղի շրջանին հնարավորություն ընձեռելով զարգացման նոր փուլ թևակոխել:
«ԱՐԻ»-ն օրինակելի նախագիծ է աշխարհասփյուռ հայության համար, քանի որ
այն, կառավարության երաշխիքներով ու տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ, ընդգրկում է փոքր և միջին ներդրումներ մեր հայրենակիցների կողմից: Ընկերության կողմից տրամադրվող միկրովարկերի միջոցով թե՛ Արցախի բնակիչներն են հնարավորություն ստանում եկամուտի սեփական աղբյուր ստեղծել, թե՛բաժնետերերն են շահույթ ստանում իրենց ներդրումներից՝ միաժամանակ հայրենիքի համար օգտակար գործ կատարելով»,- նշել է Ա. Հարությունյանը:
Բեյրութի Հայկազյան համալսարանում հանդիպելով դասախոսական կազմի և
ուսանողների հետ՝ Ա. Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի պետականակերտման և տնտեսության զարգացման հաջողությունները, խնդիրներն ու հեռանկարները: Նա կարևոր է համարել լիբանանահայ համայնքի փորձն ազգապահպանության գործում, որում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Հայկազյան համալսարանը: Վարչապետը վերջում պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին:
Ա. Հարությունյանը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Լիբանանում գործող
հայկական՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար ազատական և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունների ղեկավար կազմերի հետ:
Հանդիպումների ընթացքում Արայիկ Հարությունյանը ողջունել է նշված կառույցների հայապահպան գործունեությունը՝ կարևորելով, որ նրանց ուշադրության
կիզակետում լինի հայրենիքը՝ որպես բոլոր հայերի օրրան: Կուսակցությունների ներկայացուցիչների հետ վարչապետը քննարկել է հետագա համագործակցության
հնարավորությունները և ձեռք բերել պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:
Այցի շրջանակներում Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության լիբանանյան կառույցի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին նաև Լիբանանի Հանրապետության հայազգի պատգամավորներ ու նախարարներ: