Ազգային ժողովը քննարկում է ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց.«Այս ինը տարիների ընթացքում, ինչ ես պատգամավոր եմ, սա առաջին օրինագիծն է իմ կողմից հեղինակած որպես օրենք, որը կարծում եմ ԱԺ-ի կողմից կընդունվի: Ես չէի պատկերացնում, որ իմ կողմից առաջին հեղինակած օրենքը, որը պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից, կվերաբերեր ՀՀ ԱԺ-ի կարգազանց պատգամավորներին, կարծում էի, որ ավելի լուրջ դերակատարություն կունենայի»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե կարգազանց պատգամավորների պատժամիջոցներն ավելի խիստ կլինեն:
«Այնուամենայնիվ, եթե մենք կճանաչենք մեկը մյուսի տեղը քվեարկող պատգամավորին որպես օրինազանց, կարծում եմ, որ դա առաջընթաց է»,-ասաց նա:
Հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ միանում է տիկին Փոստանջյանի ասածներին: «Այս օրը համարենք պատմական օր, որ վերջապես տիկին Փոստանջյանի նախագծերից մեկը կընդունվի, և հուսով եմ բոլորը կողմ կքվեարկեն և վերջինը չի լինի»,-ասաց նա
Էթիկայի հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ նշեց, որ վստահ է, թե մեզանում աստիճանաբար պատգամավորի վարքագծի, նիստուկացի վերաբերյալ ընդգծված վերաբերմունքը պետք է խստանա: Նա նաև նշեց, որ կարգազանցություն չպետք է դիտարկել միայն պատգամավորի կողմից մեկ ուրիշի փոխարեն քվեարկելու փաստը:
«Եթե օրենսդրական նախաձեռնությունն իր էությամբ կառուցողական է, ապա անկախ նրանից, թե ով է նրա հեղինակը, նա բոլոր դեպքերում ստանում է Ազգային ժողովի, այդ թվում՝ նաև մեծամասնության աջակցությունը»,-ասաց նա և նշեց, որ կպաշտպանեն այս նախագիծը: