Ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովում է, առաջիկայում լսումներ կլինեն եւ բոլոր հարցերի պատասխաններն այդ ժամանակ կլինեն: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Իշխանությունը պատրաստ է ընդդիմության հետ քննարկել, իսկ ե՞րբ է իշխանությունը հրաժարվել ընդդիմության հետ որևէ քաղաքական հարց քննարկելուց: Բոլոր հարցերը, որոնք քննարկման դաշտում են, քննարկվելու են: Ցանկացած քննարկում քաղաքական մշակույթի մաս է, եւ քննարկման արդյունավետությունը ցույց է տալիս պետական համակարգի արդյունավետությունն ու կենսունակությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները մարտի 14-ին ժամանել են Հայաստան՝ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ օրենսգրքի այս տարբերակը քննարկելու համար: