Կանանց երկու երրորդը կոսմետիկան օգտագործում է հանուն հակառակ սեռի, իսկ տղամարդկանց երեք քառորդն ասում է, որ իրականում իրենք նախընտրում են ավելի բնական արտաքինը: Տղամարդկանց 40%-ը կարծում են, որ կանանց մեծամասնությունը շատ կոսմետիկա է օգտագործում, գրում է Mail Online-ը:
1000 կանանց եւ 550 տղամարդկանց շրջանում անցկացված հարցումը, որն իրականացվել է St Ives կոսմետիկա արտադրողների պատվերով, ցույց է տվել, որ գրեթե յուրաքանչյուր տասներորդ կին շպարվում է բացառապես հակառակ սեռի ներկայացուցչի վրա տպավորություն թողնելու համար: Կանանց կեսը դեմքը ներկում է տարեկան 1500 անգամ, եւ երկու երրորդը տարեկան երեքուկես շաբաթ է օգտագործում շպարվելու համար, պարզել են ուսումնասիրողները:
Ընդ որում, չափից ավելի շպարը վանող է տղամարդկանց 45%-ի համար, արհեստական արեւայրուքին բացասական է վերաբերվում տղամարդկանց 33%-ը, վառ կարմիր շրթներկը դուր չի գալիս 5%-ին, իսկ դնովի թարթիչները եւ հոծ հոնքերը՝ 4%-ին: Սակայն կանանց կեսից ավելին ասում է, որ շպարով իրենք ավելի լավ են իրենց զգում, 28%-ն առանց շպարի անինքնավստահ է, փոխանցում է FedPost.ru-ն:
17%-ը հայտարարել է, որ հանդիպման չեն գնա, եթե չհասցնեն շպարվել: 14%-ը վստահեցրել է, որ չեն համարձակվի տնից դուրս գալ առանց շպարի: Կանանց կեսը խոստովանում է, որ սովորաբար կոսմետիկան օգտագործում է օրական չորս անգամ՝ կամ տարեկան 1460 անգամ, 67%-ն է միայն առանց շպարի մնում ամսական երկու անգամ: Կիրակին այն օրն է, երբ կանանց 48%-ը հանգստանում է կոսմետիկայից:
Կեսից ավելին իրենց կոսմետիկ միջոցներն օգտագործում են ընդմիջման ժամանակ եւ 16%-ն իր պաշարներին է դիմում օրվա ընթացքում՝ արտաքինը լավացնելու համար:
Նույնիսկ երբ կանայք բնական են երեւում, նրանք 160 դոլար են ծախսում կոսմետիկ գործողությունների վրա, ինչպիսիք են մերսումը, դեմքի դիմակները, պարզել են ուսումնասիրողները: