Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր Օսլոյում և Ստոկհոլմում, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Նոբելյան հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստին մասնակցելու պատճառով Ստոկհոլմում ներկա չեն գտնվի Շվեդիայի արքայադուստր Վիկտորյան և երկրի կառավարության ղեկավար Ֆրեդրիկ Ռայնֆելդտը։ Նույն պատճառով Օսլոյում ներկա չեն գտնվի Նորվեգիայի արքայազն Հոկոնը և երկրի կառավարության ղեկավար Էռնա Սոլբերգը։
2013թ. Նոբելյան մրցանակի է աժանացել 13 մարդ, ներառյալ՝ մի կազմակերպություն։ Ամենատարեցը ֆիզիկայի ոլորտում մրցանակի արժանացած 84-ամյա Փիթեր Հիգսն է, ամենաերիտասարդը՝ 57-ամյա Թոմաս Զյուդոֆը, որին մրցանակ կշնորհեն բժշկության ոլորտում։
Մրցանակակիրներին պատվելու օրը կսկսվի Օսլոյում, որտեղ տեղական ժամանակով ժամը 13։00-ին Խաղաղության մրցանակ կշնորհեն Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ)՝ «քիմիական զենքի չեզոքացման հարցում մեծ ջանքեր ներդնելու համար»։ Մրցանակը կստանա կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուն։
Օրը կշարունակվի Ստոկհոլմում, որտեղ տեղական ժամանակով ժամը 16։00-ին Նոբելյան մրցանակ կհանձնեն գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և տնտեսության ոլորտում։
Գրականության ոլորտում մրցանակի արժանացած կանադացի գրող Ալիս Մունրոն չի կարող ներկա գտնվել արարողությանն առողջական խնդիրների պատճառով։ Նրա անունից մրցանակը կստանա դուստրը՝ Ջենի Մունրոն։
Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում մրցանակ կստանան ԱՄՆ-ում աշխատող հետազոտողներ Ջեյմս Ռոթմանը, Ռենդի Շեքմանը և Թոմաս Զյուդոֆը։
Ֆիզիկայի ոլորտում մրցանակի են արժանացել բրիտանացի հետազոտող Փիթեր Հիգսը և բելգիացի Ֆրանսուա Էնգլերը։ Քիմիայի ոլորտում մրցանակ կստանան ԱՄՆ-ում աշխատող Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լևիթը և Արի Ուորշելը։
Տնտեսության բնագավառում մրցանակի են արժանացել կրկին ԱՄՆ-ում աշխատող Յուջին Ֆաման, Լարս Փիթեր Հանսենը և Ռոբերտ Շիլերը։
Մրցանակաբաշխությունն ամեն տարի անցկացվում է հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։ Յուրաքանչյուր անվանակարգում դրամական մրցանակը 2013-ին կազմել է 8 մլն կրոն (1.2 մլն դոլար)։