Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի որոշմամբ, «Սեւանի իշխան» ՓԲԸ-ին առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 180 հեկտար հողամաս:
Հողամասը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք եւ Կարճաղբյուր գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սեւան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում: Այս հողերը տրամադրվում են Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման համար: Կարճաղբյուր համայնքի 120 հա տարածքում ստեղծվելու է Սեւանա լճից անկախ ջրամատակարարմամբ մանրաձկան տնտեսություն, որտեղ իրականացվելու է մայրական վտառի կազմավորում, շարունակական ապահովում, զարգացում, սելոկցիան, ձկնկիթի ստացում, բեղմավորում եւ ինկուբացիա, թրթուրի եւ մանրաձկան աճեցում, կենսունակ մանրաձկան տեղափոխում Սեւանա լիճ: Լիճք համայնքի վարչական տարածքում գտվող 60 հա տարածքում կառուցվելու է ցանցավանդակներում բուծված իշխանի վերամշակման գործարան, որտեղ իրականացվելու է ձկան մաքրում, պաղեցում, խորը սառեցում, ծխեցում, ֆիլեավորում եւ պահածոյացում:
Նշենք, որ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է մինչեւ 2023թ-ը Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով բուծել 50 հազար տոննա ձուկ, որի ընդամենը 1,5 տոկոսը բաց կթողնվի Սեւանա լիճ: Ցանցավանդակային ձկնաբուծարանի ստեղծմանը ներգրավվելու են մոտ 80-100 կազմակերպություններ: Ձկները կերակրվելու են ֆոսֆոր եւ ազոտ պարունակող արհեստական կերով: