Այսօր կանանց միջազգային օրն է, իսկ դա նշանակում է, որ այսօր նրանց գեղեցկությունը հատկապես ընդգծելու և ընկալելու եզակի օրերից է։ Նկատենք, որ տարբեր երկրներում գեղեցկության ընկալումները տարբեր են։ Այս ֆոտոշարքում կարող եք տեսնել, թե ինչպիսին են գեղեցկության պատկերացումները աշխարհի տարբեր ծագերում։
Երկար վիզ
Պադաունգ ազգի ներկայացուցիչները լսելով չէ, որ գիտեն, թե «գեղեցկությունը զոհեր է պահանջում»։ Այս ազգի իգական ներկայացուցիչների վզին 5 տարեկանը լրանալուն պես փաթաթում եմ մետաղից օղակներ։ Օղակների քանակը տարիների հետ աճում է։ Իսկ երբ աղջիկը հասունանում է, նրա վզի օղակների երկարությունը դառնում է 30 սմ։ Այդպիսով՝ երկարում է աղջիկների վիզը։
Երկար շրթունքներ
Եթովպիական Մուրսի ցեղերի կանայք կարծում են, որ նախևառաջ գեղեցկությունը շրթունքների ձևից է։ Նրանք մեծացնում են ստորին շրթունքը հատուկ սկավառակների միջոցով։ Երբ աղջկա 15 տարին լրանում է, նրա մայրը կամ այլ կին, կտրում է նրա ստորին շրթունքը և փայտ տեղադրում այնտեղ, այնուհետև, այն փոխարինում են մեծ սկավառակով՝ սկզբից փոքր, հետո մեծ։ Շատ ժամանակ այդ սկավառակների տրամագիծը հասնում 15 սմ֊ի։ Որպեսզի սկավառակը չխանգարի ստորին ծնոտի ատամներին, վերջիններիս հանում են։ Սկավառակը կարելի է հանել քնից կամ ուտելուց առաջ։
«Կեղտոտված» մարմին
Նամիբիայի հյուսիսում գտնվող Հիմբա ցեղի կանայք առավոտը սկսում են հետաքրքիր արարողությամբ։ Նրանք իրենց մարմինը՝ ոտքից գլուխ պատում են մոխրի, ճարպի, և օխրայի խառնուրդով։ Այս ամենը նրանց դարձնում է ավելի գրավիչ տղամարդկանց աչքում և, անգամ, պաշտպանում է նրանց արևի ճառագայթներից։
Երեսի դաջվածք
Նոր Զելանդիայում բնակվող ցեղերից մեկում սովորություն կա աղջիկների մարմինը պատել դաջվածքներով։ Ի տարբերություն տղամարդկանց, որոնք ամբողջ մարմնին են դաջվածք անում՝ կանայք միայն երեսներին են պատկերներ դաջում։
Խցան քթում
Հնդկաստանի արևելյան մասում բնակվող ապատան ցեղի կանայք իրենց քթի ծակերին խցան են դնում։ Այս սովորությունը կոչվում է Yaping Hullo։ Ենթադրվում է, որ այս ցեղի կանայք դեռ վաղուց համարվել են ամենագեղեցիկը և հենց այդ պատճառով են արել նման բան, որպեսզի այլ ցեղերի տղամարդիկ նրանցով չգայթակղվեն։