Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ եւ վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:
Սպիտակի երկրաշարժը վերապրած եւ բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար ձեր նախարարության ստեղծումը պարզապես հրամայական էր: ԱԻՆ-ը մեր հանրապետության երիտասարդ նախարարություններից է եւ արդեն հասցրել է ոչ միայն կայանալ, այլեւ դառնալ մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը վայելող, մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնող եւ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կառույց՝ ձեր հետեւողական մասնագիտական աշխատանքի շնորհիվ:
Այսօր մեր ժողովուրդը հանձինս ձեզ ունի իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող ու ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Մարդիկ այսօր կասկած չունեն, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն՝ փորձությունն ու անելանելի թվացող իրավիճակը հաղթահարելու համար:
Առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են նաեւ կառավարման, մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման նոր մշակույթի ձեւավորման, միջգերատեսչական արդյունավետ համագործակցության, հիմնախնդիրների լուծման համար երկրի ամբողջ ներուժի ներգրավման ոլորտներում:
Այսպիսի վերելքը ենթադրում է նաեւ մեծ պատասխանատվություն եւ աճի տեմպերի պահպանում: Ես արդեն տեսնում եմ, թե ինչպես եք կյանքի կոչում իմ հանձնարարականը՝ որակյալ ծառայությունները հասցնել հեռավոր, հատկապես սահմանամերձ համայնքներ: Անելիքները շատ-շատ են եւ՛ փրկարարության, եւ՛ սեյսմիկ պաշտպանության, եւ՛ տեխնիկական անվտանգության, հիդրոմետ եւ հակակարկտային ծառայությունների, եւ՛ այսօր ամենահրատապ՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում: Նախարարության հայրենանվեր աշխատակիցների պարտքն է՝ պաշտպանել մեր բնակիչներին ոչ միայն աղետներից, այլեւ չավարտված պատերազմի վտանգներից:
Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով եւ արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը: Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, ձեր ընտանիքներին՝ բարօրություն եւ երջանկություն»,- ասվումէ ուղերձում: