Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը մարզային իրազեկման ավտոերթերն սկսում է Գեղարքունիքի մարզից: Նախաձեռնության անդամները սեպտեմբերի 7-ին Երեւանի Ավան վարչական շրջանից կշարժվեն դեպի Սեւան:
Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ավելի շատ վարորդներ են սկսել բողոքարկել տեսախցիկների ֆիքսած խախտումների համար ստացած տույժերը եւ կոչ արեց լուռ չվճարել տույժը, եթե նրանք վստահ են, որ խախտում չեն արել։
Նախաձեռնության անդամներն անդրադարձան անեւ տեսախցիկների եւ արագաչափերի անարդյունավետությանը: Վարդան Հակոբյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելի բարձր է եւ ավտովթարների թիվը, վիրավորներինը:
Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող քաղաքացիները պահանջում են մինչեւ հուլիս ամիսն արձանագրված տուգանքների համաներում, որպեսզի վարորդները կարողանան «դուրս գալ փակուղուց»:
«Արդեն երկուսուկես տարի նրանք բարձր տուգանքներով մտել են մեր գրպանը եւ շատ մարդիկ փակուղում մեջ են, չեն կարողանում վճարել այդ տուգանքները, դրա համար անհրաժեշտ է համաներում»,- ասաց նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը: