Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Գալուստ Սահակյանին փոխարինելու մասին լուրեր տարածելն անբարոյականություն է.ՀՀԿ-ականներ

analitik.am

Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ մինչ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա, նրա պաշտոնի համար «կռիվ են տալիս» ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը: ԱԺ նախագահ դառնալու հավանականություն ունի նաև ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, որը ներկայումս ղեկավարում է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը:

Analitik.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահն այժմ մասնավոր այցով գտնվում է արտասահմանում, որտեղ կանցնի նաև բուժհետազոտություն և կվերադառնա արձակուրդի ավարտից հետո:

«ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատեւ արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն: Մնացած տեղեկությունները ենթադրություններ են, որոնք չունեն որևէ հիմք»,-ասաց Արսեն Բաբայանը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում նշել է, որ այդ կարգի ապատեղեկատվություն տարածելն անբարոյականություն է:

«Երբ ասել են քաղաքականությունն անբարոյականություն է, ամենայն հավանականությամբ ի նկատի են ունեցել այս կարգի ապատեղեկատվություն տարածողներին (խոսքս պատվիրատուի մասին է)»,-գրել է Ա. Զաքարյանը։

ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս անբարոյականություն է համարում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ունենալու մասին լուրերի տարածումը:

«Անբարոյականություն է ոչ միայն նման բան մտածելը, գործելը… ի՞նչ ԱԺ նախագահ: Մենք ունենք ԱԺ նախագահ եւ ես կարծում եմ, որ նման հրապարակումները, նման բան նույնիսկ մտածելը, նման հավակնությունները, պարզ ասում եմ՝ անբարոյականություն է, ով էլ ուզում է լինի 131 պատգամավորներից: Գալուստ Գրիգորիչին առողջություն ենք մաղթում: Նման բան «զակազ» տալը, հրապարակելը, մտածելը, գործելը դա անբարոյական է, իսկ մնացածները թող իրենց համար մտածեն»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նույն շարքից