Ռուսական տասնյակ բանկեր հաքերային հարձակման զոհ են դարձել: Հարձակումն իրականացվել է էլեկտրոնային հասցեներին վնասակար նամակների տարածման եղանակով: Այս մասին գրում է RNS-ը՝ վկայակոչելով «Կասպերսկիի Լաբորատորիա»-ի տարածած հաղորդագրությունը:
Նշվում է, որ չարագործներն օգտագործել են ոլորտային համաժողովների եւ բանկային ծառայողական փաստաթղթերի նյութերից կազմված հատուկ բազան: Նամակները հասցեագրված են եղել եւ սկսվել են ստացողի ամբողջական անվան նշումով:
«Այս հարձակման առանձնահատկությունն այն է, որ կիբերհանցագործներն առաջին անգամ ներկայացել են որպես FinCERT. այն Ռուսաստանի Կենտրոնական բանկի կառուցվածքում հատուկ բաժին է, որը ստեղծվել է շուրջ մեկ տարի առաջ՝ ֆինանսական ոլորտում տեղեկատվական անվտանգության միջադեպերի մասին ռուսական բանկերին տեղեկատվություն տրամադրելու համար»,- լաբորատորիայի հաղորդագրությունն է մեջբերում Gazeta-ն: