Հայաստան Քաղաքական 

Թող Փաշինյանը գա շաքարավազի «զավոդը» աշխատացնի, փողն էլ կտանք ամեն ինչն էլ. Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե Թաշինյանը ցույց է տալիս իբր իրենց հետ չէ, սակայն իրականում իրենց ախպերն է:

«Նիկոլ Փաշինյանն օդից կախված բռնել ա թեման, ես էլ մտածում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մեզ հետ է, բայց ուզում է ցույց տա՝ մեզ հետ չի: Ես էլ օդից կախված նման բան եմ ասում: Ինքը կարողանո՞ւմ է ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում, թող գա՝ ապացուցի: Նա ասում է՝ օդից կախված լուրերով»,- ասաց Ալեքսանյանը:

Այն հարցին, թե իսկապե՞ս տասյոթ դրամ է վճարում գազի համար, պատգամավորը պատասխանեց, որ ինքը հիմա կոնկրետ չի կարող ասել՝ որքան: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարո՞ղ են գնալ, տեսնել, թե Ս. Ալեքսանյանի շաքարի գործարանն ինչպես է աշխատում: Ի պատասխան՝ նա ասաց, որ լրագրողները երբ ուզում են, կարող են գնալ, միայն թե պետք է դեռ աշխատեցնեն գործարանը:

Նա նշեց, որ գործարանը տարեկան 4 ամիս է աշխատում, քանի որ, եթե ամբողջ տարին աշխատի, ապա 2000-3000 տոննա շաքարավազ կարտադրի, իսկ մենք այդքան շուկա չունենք: Ս. Ալեքսանյանը նաև ասաց, որ իրեն պատկանող Ախուրյանի շաքարավազի գործարանը տարեկան մոտ 80 տոննա արտադրանք է տալիս:

«Ֆինանսական դժվարություն չկա, մասնագետները պետք է բերվեն, 30 տարի այդտեղ բազուկ չի ցանվել, վեց տարվա մեջ մենք հազիվ մասնագետներին սովորեցրեցինք, որ բերած այդ հումքով կարողանան աշխատել: Դա այդպես հեշտ չէ, եթե այդքան հեշտ ա՝ թող մենք էդ զավոդը տանք Նիկոլ Փաշինյանին, գա ու աշխատացնի, մենք ամեն ինչը կտանք, գումարն էլ, ամեն ինչն էլ»,- հայտարարեց Ս. Ալեքսանյանը:

Լրագրողների այն հարցին, թե շաքարավազ արտահանվո՞ւմ է իրենց ընկերության կողմից, Ս. Ալեքսանյանը պատասխանեց՝ «Մեկումեջ անում ենք: Վրաստան՝ մի երկու տարի առաջ, բայց հիմա չենք անում»:

Նույն շարքից