Հայաստան Քաղաքական 

Ռուսաստանը Սիրիայում իրականացրել է իր առջև դրած խնդիրները. քաղաքագետ

Ռուսաստանը Սիրիայում իրականացրել է իր առջև դրած խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ բուն Սիրիայում Ռուսաստանն ուղիղ շահեր սկզբունքորեն չուներ։ «Ռուսաստանը երեք խնդիր ուներ։ Առաջինը ազդեցության գոտու համար պայքարն է, ցույց տալ, որ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, չի կարելի նրա վրա ոտքերը սրբել։ Այդ խնդիրը Ռուսաստանը կատարել է։ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների մակարդակն այն չէ, ինչ Սիրիա մտնելուց առաջ։ Ռուսաստանը բարձրացրել է ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների մակարդակը»,- նշել է Իսկանդարյանը։

Քաղաքագետի կարծիքով երկրորդ նպատակը վերաբերում էր Ուկրաինային, որից միջազգային հանրության ուշադրությունը շատ շեղվեց։ «Չի կարելի ասել, որ այստեղ Ռուսաստանը հասավ իր նպատակին, սակայն նրա դիրքորոշումն ավելի հասկանալի դարձավ Արեւմուտքի համար։ Երրորդ նպատակը Ասադի դիրքերն ամրապնդելն էր, որպեսզի ամերիկացիները ճանաչեն գոյության նրա իրավունքը։ Այդ նպատակին նույնպես հասել են»,- ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ ռուսները Սիրիայից հեռացան՝ չլքելով այն։

Նույն շարքից