Հայաստան Ռազմական Քաղաքականություն 

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը. Է. Նալբանդյան

analitik.am

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Արմենպրես» գործակալության խնդրանքով մեկնաբանել է վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումներն ու կազմակերպված դիվերսիոն ներխուժման փորձերը:

 

Նախարարը, մասնավորապես, նշել է. «Խստագույնս դատապարտում ենք վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրիչ գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի կտրուկ սրման պատճառ են դարձել: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին:

 

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 1994թ. մայիսի` հրադադարի հաստատման և 1995թ. փետրվարի` հրադադարի ամրապնդման վերաբերյալ համաձայնությունները, արհամարհել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչերը` զերծ մնալու սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից, և միջազգային հանրության հորդորներն առ այն, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը և որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության և խաղաղության: Բաքվի հերթական արկածախնդրությունը նպատակ է հետապնդում խաթարել բանակցային գործընթացը:

 

Ադրբեջանը, լինելով սադրանքների նախաձեռնողը և հրահրողը, փորձում է դրանց պատասխանատվությունը բարդել մյուս կողմերի վրա: Սակայն ակնհայտ է, որ մերժելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկները` Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը:


Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»: 

Նույն շարքից