2016թ. մարտի 8-9-ը Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանում (Ռումինիա) տեղի ունեցավ LNSS ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչները: Այն հնարավորություն տվեց կոնսորցիումի բոլոր անդամներին ծանոթանալու համագործակցող բուհերին, նրանց գրադարանների կարիքներին, անձնակազմին, ծրագրի ընձեռած հնարավորություններին և մասնակից բուհերի ունեցած ակնկալիքներին:
Քննարկվեցին ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքները, ճշգրտվեցին ժամկետները, հստակեցվեցին ֆինանսական հաշվետվությունների ներկայացման պահանջները: Առաջիկայում երեք երկրների` Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի 9 բուհերում տեղի կունենան «Անգլերեն հատուկ կարիքների համար» թեմայով դասընթացներ գրադարանների անձնակազմի և դասախոսների համար: Դասընթացները կվարեն կոնսորցիումի եվրոպական գործընկերները համապատասխան բուհերում` Երևանում, Մինսկում, Գրոդնոյում, Բրեստում, Քիշինևում և Բելցիում: Դրան կհաջորդեն ուսումնական մոդուլների պատրաստման դասընթացները Իռլանդիայում` Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտում: Նշված դասընթացների մասնակիցները վերապատրաստում անցնելուց հետո կպատրաստեն ութ ուսումնական մոդուլներ բուհերի գրադարանավարների, դասախոսների և ուսանողների համար:
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և գիտատեխնիկական գրադարանի գլխավոր գրադարանավար Գայանե Նիկողոսյանը: Թ. Խեչոյանը, որպես ծրագրի համակարգող, կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչներին ներկայացրեց Ծրագրի մանրամասն նկարագրությունը, անելիքները, ժամկետները, հաշվետվությունների ներկայացմանը ներկայացվող պահանջները, իսկ ֆինանսական մենեջեր Մ. Սալուկվաձեն հանգամանալից խորհրդատվությամբ հանդես եկավ ֆինանսական փաստաթղթերի, դրանց լրացման կարգի, հաշվետվությունների ներկայացման մանրամասների վերաբերյալ: Կոնսորցիումի յուրաքանչյուր բուհի կողմից ներկայացվեցին նրանց գրադարանների և գրադարանային անձնակազմի կարիքներն ու սպասելիքները LNSS ծրագրից:
LNSS Ծրագրի մեկնարկը կայացավ, սկսվեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված աշխատանքները:



