ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ճեպազրույցների ժամին տեսակետ հայտնեց, թե Ընտրական օրենսգրքում ծուղակներ չի տեսնում:
Ըստ նրա՝ ԸՕ-ում կա առնվազն 4 կետ, որը երաշխավորում է, որ 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն աննախադեպ և նորություններով լի: «Առաջին՝գնացել ենք մեծամասնական ընտրության վերացմանը, այստեղից որևէ ծուղակ չկա, քանի որ տիպիկ համամասնական է լինելու: Տեղի չի ունենում ուղղակի անձի ընտրություն, այլ անձի ընտրությունը տեղի է ունենալու ածանցված կարգով, քանի որ առաջ է բերված կուսակցությունը: Սա բաց ցուցակ է լինելու, իսկ գործող համակարգով կիսափակ կամ կիսաբաց է»,-ասաց նա:
Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ երկրորդ կետն այն է, որ կարողանալ ավելի ժողովրդավարական դարձնել կայուն մեծամասնությանը վերաբերող սկզբունքը: «Այժմյան տրվող սահմանումն ընդունելի է, քանի որ կոալիցիաների մեծաթիվ լինելը բերում է կայունության պահպանման»,-ասաց նա:
Երրորդն, ըստ նրա, խորհրդարանում ապահոված է ընդդիմության տեղը, և անկախ ամեն ինչից նրանք ԱԺ-ում մեկ երրորդ ձայն պետք է ունենան:
Իսկ չորրորդը, նրա խոսքով, ընտրակեղծիքների կանխարգելման հետ կապված բարեփոխումներ կան: «Հիմա աշխատում են հասկանալ, թե ինչպես կարող են շրջանցել ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակման իրավական արգելքը»,- թվարկեց Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանը հակասություններ չի նկատում այն հարցում, ՀՀԿ-ի համար ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակման թեման փակված է, իսկ ՀՅԴ-ն պնդում է, թե իրավական արգելքի շրջանցման ուղիներ են որոնում: «Ես ասում եմ, եթե չգտնվեն ուղիներ, այսինքն՝ դեռևս ուղի չի գտնվել և խնդիրը լուծված չէ, իրավական արգելք գոյություն ունի և դա փաստ է : Հիմա մենք շրջանցելու ձևեր ենք փնտրում, սակայն չի նշանակում , որ հակասություն կա, հակասություն չկա: Եթե չգտնենք, ապա կարծում եմ, որ նույն էլեկտրոնային համակարգով գրանցումը, հաջորդ օրը ցուցակների ծանոթանալն արդեն իսկ լուրջ կանխարգելիչ գործողություններ են ընտրակեղծարարությունների դեմ»,- ընդգծեց նա:
ՀՅԴ-ական պատգամավորն, ի դեպ, ողջունում է, որ ԸՕ-ի հետ կապված հասարակական դժգոհություն կա և ավելացնում, թե քննարկումները պետք է կառուցողական լինեն: «Շատ լավ է, որ հասարակության մասնակցությունը, սակայն կարևոր է կառուցողական դաշտում գործելը: Ընդդիմությունը պետք է հասկան, որ ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով շարժվելն արդյունք չի տալիս: Սահմանադրության էլ էին դեմ, սակայն հիմա ուզենք, թե չուզենք պետք է ապրենք այդ սահմանադրությամբ: Պետք է հասկանալ՝ ռեալ պոլիտիկ ասվածը որն է»,-ասաց նա: