Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները նոր ուսումնասիրություն են կատարել, որին մասնակցել է ավելորդ քաշ ունեցող եւ ճարպակալումից տառապող 50 տարեկանից բարձր 3.000 մարդ:
Ավելորդ քաշ ունեցողների խմբում յուրաքանչյուր քսաներորդը բախվել է խտրականության (ծաղրի, անհարգալից վերաբերմունքի կամ վատ սպասարկման): Ճարպակալումից տառապողների շրջանում խտրականության դրսեւորումից բողոքել է յուրաքանչյուր երրորդը: BBC-ի փոխանցմամբ, արդյունքները կախված չեն եղել մասնակիցների սեռից:
Չորս տարվա ընթացքում մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվել են, շուրջ 1 կգ ավելորդ քաշ են հավաքել: Նրանք, ովքեր նման խնդիր չեն ունեցել, կարողացել են 0.7 կգ նիհարել: Այսպես, ավելորդ քաշ ունեցողներին ուղղված մեղադրանքներն ու նրանց ամոթանք տալու փորձերը հակառակ արդյունքն են տալիս: Դրա փոխարեն, ըստ MedDaily.ru-ի, ավելի լավ է աջակցել նրանց ու խթանել:
«Խտրականության արդյունքում առաջացած սթրեսը մեծացնում է ախորժակը, հատկապես անառողջ, բարձր կալորիականությամբ սննդի հանդեպ ձգտում է առաջացնում: Բացի այդ, խտրականության ենթարկված մարդիկ պակաս ինքնավստահ են, ինչի արդյունքում ավելի հազվադեպ են սպորտով զբաղվում՝ նիհարելու համար»,- ասում է հետազոտող Սառա Ջեքսոնը:
Գիտնականների խոսքով, բուժաշխատողները նույնպես հաճախ են մեղադրում ավելորդ քաշ ունեցող մարդկանց: Սակայն բժիշկներն առաջին հերթին պետք է հասկանան, թե որքան շատ է նման մարդկանց օգնություն եւ աջակցություն պետք: