Հասարակություն 

Երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել. ՀՀ ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հայաստանի քաղաքական դաշտում ակնկալվելիք թեժ աշնան շուրջ իր երկու տեսակետները։

«Կարող եմ հումորով էլ պատասխանել, թեժ աշնան համար կան են սառը ցնցուղները, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Կարող եմ ասել այնպես, ինչպես ես մտածում եմ, ուզում է թեժ լինել, ուզում է սառը, պետք է ամեն ինչ տրամաբանության մեջ լինի, օրենքի տառին համապատասխան: Այդ ժամանակ թեժ աշունները կարող է շահեկան լինեն, բայց երբ օրենքի խախտումով է լինում, ես դա չեմ ընդունում, որովհետև ես գիտեմ ինչ է նշանակում խժդժումներ, պատերազմներ և կորուստներ»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ գիտի՝ երկրի ներքին ստաբիլ վիճակի խախտումը վտանգ է սահմանների համար. «Խոնարհումով ծառայելով ժողովրդին՝ ես թույլ չեմ տա, որ իմ երկրում իրար կոտորեն: Ցանկացած օրինախախտում խստագույնս կպատժվի: Մենք ազնիվ ենք մեր գործի մեջ, և մեզ պետք չի թիրախ դարձնել անազնվության հարցերում»:

Վլադիմիր Գասպարյանը նաև վստահեցրեց, որ ոստիկանությունը չի զբաղվում քաղաքականությամբ, ոստիկանությունը տիրապետում է քաղաքականության հոգեբանությանը, և քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակներում մշակում է իր համապատասխան օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները:

Լրագրողի դիտարկմանը, թե թեժ աշնան մասին խոսելիս ոստիկանապետն օգտագործեց իշխանության բառապաշարը, արդյոք դա չի հաստատում, որ ոստիկանապետը քաղաքական գործիչ է, վերջինս պատասխանեց. «Անհամեստորեն կասեմ, որ քաղաքական չէ, բայց պետական գործիչ ինձ համարում եմ, որովհետև ես մտածում եմ մեր սերունդների մասին: Ես չունեմ քաղաքական շահ, ես ունեմ օրենքի գերակայության շահ, իսկ օրենքի գերակայության շահով ինձ վստահված սահմաններում կհասնեմ դրան, որ օրենքը գերակայի, այլ ոչ թե թայֆայաբանությունը, զոռբայությունը և այլն: Դժվար է լինելու, բայց ես հասնելու եմ: Քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, իմ քաղաքականությունն իմ երկիրն է, մեր ընտանիքները, մեր երեխաները»: 

Նույն շարքից