Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում մանրակրկիտ հետաքննել Թուրքիայի հարավ-արևելքում մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերը։
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է.
«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք RT հեռուստաալիքի նյութերը, որոնք պատրաստվել են երկրի քրդաբնակ նահանգներում և առաջին հերթին Սուրի շրջանում (Դիարբեքիրի նահանգ) և Ջիզրե քաղաքում (Շըրնաք նահանգ) Թուրքիայի զինված ուժերի այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» «տաք հետքերով»։
Ներկայացված կադրերից ու ականատեսների վկայությունից ստացված պատկերն ապշեցնում է իր դաժանությամբ։
ՌԴ ԱԳՆ-ում ուշադրություն են դարձրել թուրք զինվորականների կողմից հարյուրավոր խաղաղ բնակիչների հանդեպ արյունալի հաշվեհարդարին, որոնք թաքնվել էին Ջիզրե քաղաքի բնակելի շենքերի նկուղներում։ Վստահեցվում է, որ միայն շենքերից մեկում ողջ-ողջ այրվել է մոտ 150 մարդ։ Առկա տեղեկատվության համաձայն, Շըրնաք նահանգում սպանվել է մոտ 500 քաղաքացիական անձ»։