Հասարակություն 

Բելգիայում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալը

Բրյուսելի Մոլենբեկ շրջանում ոստիկանների իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը: Այս մասին գրում է բելգիական DH պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Աբդեսլամը վիրավոր է եւ շարունակում է թաքնվել: Նրա վիրավորվելու եւ ձերբակալության մասին պաշտոնական հավաստում դեռեւս չկա:

Ըստ ՌԲԿ-ի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին: Նա նշել է, որ հայտնաբերվել են ԴՆԹ-ի հետքեր, որոնք պատկանում են անցյալ տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների գլխավոր կասկածյալին: «Թող բելգիական ոստիկանությունն անի իր գործը»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերել Le Figaro-ն: Պարբերականի փոխանցմամբ, նա չի հաստատել Սալահ Աբդեսլամի ձերբակալության լուրը:

Մարտի 18-ին հայտնի էր դարձել, որ Բելգիայի ոստիկանությունը Մոլենբեկում լայնածավալ գործողություն է սկսել: Հաղորդվել էր, որ շրջանում հրաձգության ձայներ են լսվել:

Նույն շարքից