Հասարակություն Ֆեյսբուք 

Հայ աշակերտները` Արևմտյան Հայաստանի գյուղական դպրոցում

Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

20-րդ դարասկզբին արված այս բացառիկ լուսանկարում պատկերված են հայ աշակերտները դասի ժամանակ` Արևմտյան Հայաստանի Ձագ գյուղի եկեղեցուն կից դպրոցում:

Այս մի նկարը կարող է պատմել շատ ավելին, քան հազարավոր բառեր: Դասասենյակում կա մոտ քառասուն աշակերտ: Նրանք լավ են հագնված և կարծես թե միանման համազգեստ են կրում: Աշակերտների դեմքի արտահայտությունը հուշում է, որ նրանք ուսման մեծ ցանկություն ունեն և բավականին լուրջ են վերաբերվում իրենց ուսուցչին: Սենյակի բարձր պատուհանները բաց են` դա հնարավորություն է տալիս լուսավորել ցերեկային լույսով ողջ սենյակը: Հատակը չոր է և փայտածածկ: Ուշագրավն այն է, որ աշակերտներն աթոռներ ու սեղաններ չունեն` նրանց դիմաց դրված են ինքնաշեն փայտյա արկղեր, սակայն բոլորի ձեռքերին դասագրքեր կան: Այսպես էլ ահա դարեր շարունակ ապրել ու գոյատևել ենք` անգամ ամենաանհավանական պայմաններում ուսման տալով մեր ապագա սերնդին:

Ձագ (Ծագ)` գյուղ Խարբերդի նահանգի Արաբկիր գավառում, Եփրատի վտակ Ոսկեգետակի ափին: 1914-ին ուներ 100 ընտանիք հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և առևտրով: Ձագում կար եկեղեցի ու դպրոց: Գյուղը հայտնի էր իր նշանավոր քարանձավներով (որտեղից էլ հենց գյուղի անվանումն է)` նրանք մարդկային բնակության հնագույն վայրեր են համարվում:

Նույն շարքից