Հայաստանից Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Գրանդ անունով փղին սեպտեմբերի 18-ին վիրահատելու են, հատուկ այդ նպատակով Վրաստան է ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող ատամնաբույժ Փիթեր Կերտեսը: «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, հայտնում է, որ Գրանդը կոտրել է ժանիքները ծնոտոսկրի մոտ։
«Գրանդի ժանիքները կոտրվել են ծնոտոսկրին այնքան մոտ, որ բորբոքային պրոցեսից խուսափելու համար անհրաժեշտ է ժանիքների խոռոչի ամենօրյա ողողում»,-ասված Է Թբիլիսիի կենդանաբանական այգու սեպտեմբերի 16-ի հաղորդագրության մեջ:
Փղին չի կարելի երկար ժամանակ թողնել այդ վիճակում, քանի որ օրգանիզմում բորբոքման օջախի մշտական առկայությունը կարող է հանգեցնել կենդանու զոհվելուն:
«Ուստի փղի առողջությունն ու կյանքը պահպանելու համար որոշվել է կատարել վիրահատություն և հեռացնել կոտրված ժանիքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
6-տոննանոց Գրանդը Երևանից Թբիլիսի էր տեղափոխվել այս տարվա հունիսին: Ավելի վաղ Թբիլիսիի և Երևանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակում իրականացնել». թբիլիսյան Մալկա էգ փղին փեսացու էր հարկավոր: Իսկ նրա վեց տարեկան ձագը՝ Բունկան, Երևան է ուղարկվել Գրանդի փոխարեն: