Մեքսիկայի կառավարությունը սկսել է տարհանել զբոսաշրջիկներին Հարավային Ներքին Կալիֆոռնիայի Լոս Կաբոս առողջարանային գոտուց: Դա արվել է «Օդիլ» փոթորկի պատճառով: Ներկայում առողջարանային գոտում գտնվում է մոտ 30 հազար հանգստացող, որից մոտ 26 հազարն օտարերկրացիներ են:
Ինչպես հայտնում է Interfax-ը, զբոսաշրջիկներին Տիխուանա, Մասատլան, Գվադալախարա և Մեխիկո քաղաքների օդանավակայաններ են տեղափոխում ռազմական և կոմերցիոն օդանավերով, ինչպես նաև ոստիկանության ինքնաթիռներով:
Իշխանությունների գնահատականով՝ տարհանումը կտևի առնվազն երկու օր: Նշվում է, որ օտարերկրացի հանգստացողների մեծ մասը եկել էին ԱՄՆ-ից, Կանադայից և Մեծ Բրիտանիայից:
Ներկայում փոթորիկը թուլացել է և վերածվել արևադարձային մրրիկի, որն այժմ ուղղվում է Կալիֆոռնիական ծոցի կողմը: Այսօր երեկոյան այն հավանաբար կհասնի ամերիկյան Արիզոնա նահանգ: