«Տարբեր պաշտոնյաների օրինախախտությունների մասին խոսող Զորաբյանը հենց ինքն է խախտում օրենքը»,-այսօր՝ մարտի 21-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով կուսակցությունից իրեն հեռացնելու պատմության մասին և նշելով, որ մինչև այսօր ինքը պատշաճ կարգով չի ստացել որոշումը, որից հետո միայն այն կարող է ուժի մեջ մտնել:
«Նա ինչ-որ մի տեղ հայտարարել է, որ որոշումը կուսակցության գրասենյակներից մեկում է և կարող եմ գնալ վերցնել: Սակայն իրավական ակտերի մասին օրենքում հստակ գրված է, որ որոշումը պետք է պատշաճ հանձնվի ինձ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Պետրոսյանը հավելեց, որ Զոհրաբյանի հետ չի զրուցել իր այն հայտարարությունից հետո, որում կարծիք էր հայտնել, թե վերջինս միտումնավոր է քանդում կուսակցությունը և ասաց, որ նախաձեռնությունը պետք է լինի հենց Զոհրաբյանից, քանի որ հնարավոր է ինչ-որ մեկն ահաբեկել էր իրեն և հարցազրույցը տրվել էր սպառնալիքի ազդեցության տակ. «Նա պետք է զրուցեր ինձ հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Դրա փոխարեն նա ապօրինի որոշում է կայացնում ինձ հեռացնելու մասին, իսկ որոշումն ապօրինի է, քանի որ այն չի կայացվել կուսակցության քաղխորհրդի կողմից, ինչը պարտադիր է կուսակցության շարքային անդամի հեռացման դեպքում, իսկ ես շարքային անդամ եմ»:
Բանախոսն այդուհանդերձ նշեց, որ կարող է ստիպել իրեն նույնիսկ Զոհրաբյանի նախագահության պայմաններում մնալ կուսակցությունում, եթե վերջինս փոխի իր գործելաոճը. «Եթե նա իրոք սիրում է պարապ ժամանակ ընթերցանությամբ զբաղվել, ինչի մասին խոսում է, թող բարի լինի կարդալ իր իսկ ղեկավարած կուսակցության օրենքները և չխախտել դրանք»:
Պետրոսյանը նշեց, որ ինքը ցավ է ապրում, երբ տեսնում է, թե ինչպես է այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ արագ տեմպերով գնում դեպի անկում, ունի մշուշոտ ապագա և դժվար թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հատի ցանկալի շեմը: