Հայաստան Քաղաքական գլխավոր 

Նաիրա Զոհրաբյանը միտումնավոր քանդում է ԲՀԿ-ն. Գևորգ Պետրոսյան

Այսօր՝ մարտի 21-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից իրեն հեռացնելու պատմությանը, նախ ասաց, որ ինքը 2010 թվականից այդ կուսակցութան անդամ չի եղել և այնտեղ վերադարձել է անձամբ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի առաջարկով. «Այդ ժամանակ իմ առաջին պայմանը եղավ այն, որ ես կարծիք արտահայտելու իրավունք պետք է ունենամ՝ իհարկե պահպանելով կուսակցության ընդհանուր գիծը, այսինքն պարտավորված չեմ լինելու համաձայնել ամեն հնչած կարծիքի հետ»:

Պետրոսյանը նշեց, որ երկրորդ պայմանը եղել է այն, որ կուսակցությունում որոշումները պետք է կայացվեն քննարկումների արդյունքում և չպետք է կայացվեն միանձնյա որոշումներ. «Սրանք այն պայմաներն են, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, սակայն երկու դեպքում էլ տիկին Զոհրաբյանը խախտել է պայմանավորվածությունները:

Առաջին դեպքում խախտվեց այն ժամանակ, երբ ես արտահերթ համագումար հրավիրելուց առաջ կարծիք հնչեցրեցի, որ դրա համար նախադրյալներ չկան, իսկ եթե գնում ենք այդ համագումարին, ապա անհրաժեշտ է բարձրացվելիք հարցերի շարքում խոսել նաև կուսակցության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու և մի շարք այլ հարցերի մասին:

Սա դիտվեց որպես կոպիտ ընդդիմախոսություն, քանի որ ես դեմ էի արտահերթ համագումարի գլխավոր հարցին՝ այն է կուսակցության նախագահի լիազորություններն ավելացնելուն: Ես խոսեցի նաև այն մասին, որ կուսակցությունն այսօր չունի գաղափարախոսություն, որը պետք է արտացոլված լիներ կանոնադրության մեջ:

Ես ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ կուսակցության գաղափարախոսությունը բացակայում է, որպեսզի հետագայում տիկին Զոհրաբյանը հնարավորություն ստանա շեղվել իր իսկ որդեգրած ուղուց»:

ԲՀԿ-ականն ասաց, որ դրանից հետո մի քանի անգամ կապ է հաստատել կուսակցության նախագահի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հանձնարարություններ կան իր համար՝ օրինակ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված. «Նա ինձ անընդհատ ասում էր, որ ինքը կզանգահարի, ինքը գիտի և այլն՝ այս կերպ արհեստական խնդիրներ ստեղծելով»:

Պետրոսյանի խոսքով` սա իր անձնական պայքարը չէ, քանի որ կուսակցության հազարավոր անդամներ դժգոհ են ԲՀԿ նախագահի վարած անհեռատես, անորոշ, ոչ մի նպատականին չծառայող քաղաքականությունից:

«Իմ խորին համոզմամբ՝ նա ուղղակի քանդում է կուսակցությունը: Հասարակ օրինակ բերեմ՝ կուսակցությունների մասին ՀՀ օրենքի համաձայն, կուսակցություններն առնվազն երկու տարին մեկ անգամ պետք է հերթական համագումար հրավիրեն՝ անկախ այդ ընթացքում եղած արտահերթ համագումարներից, ինչը ԲՀԿ-ի դեպքում պետք է լիներ փետրվարին, դա չարվեց: Բացի դրանից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցությունը առնվազն երկու ամիսը մեկ անգամ պետք է քաղաքական խորհրդի նիստ հրավիր:

Տիկին Զոհրաբյանն արդեն ավելի քան մեկ տարի ոչ բարով զբաղեցնում է կուսակցության նախագահի պաշտոնը սակայն ոչ մի անգամ քաղխորհրդի նիստ չի հրավիրվել: Իմ կարծիքով նա և համագումարի, և քաղխորհրդի նիստի դեպքում դա չի անում, քանի որ ասելիք չունի»,-ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ Զոհրաբյանը այսօր առհասարակ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, քանի որ արդեն հասցրել է խայտառակվել ոչ միայն Հայաստանի սահմաններում:

Նույն շարքից