Այսօր՝ մարտի 21-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ 2015 թվականին, երբ կուսակցությունը հայտարարեց ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, ենթադրվում էր, որ այն պետք է դեմ լինի ինչպես Սահմանադրական բարեփոխումներին, այնպես էլ պետական բյուջեի նախագծին, ինչը տեղի չունեցավ:
«Ես հասկանում եմ, որ կուսակցության մի շարք առաջարկներ ընդունվել են Սահմանադրական բարեփոխումների նախագծում, և հնարավոր է դրա համար է որոշում կայացվել աջակցել գործընթացին, սակայն դրանից հետո պետք չէր կանգնել ու ասել, որ կուսակցությունը պատասխանատվություն չի կրում բարեփոխումների համար, քանի որ Սահմանադրությունն ընկեցիկ երեխա չէ, որին լքում են: Եթե դու քարոզել ես այդ բարեփոխումները, ուրեմն պետք է կիսես այն իրացնելու գործի բեռը»,- ասաց նա:
Պետրոսյանի խոսքերով՝ իրեն ընդդիմադիր հռչակած ուժն իրավունք չունի խախտել իր ներսում գոյություն ունեցող ընդդիմադիր խոսքը, ինչն արվում է:
«Իր վարքով Նաիրա Զոհրաբյանը հազարավոր կուսակցականների գցել է մոլորության մեջ, հիմա ոչ ոք չգիտի «Բարգավաճ Հայաստան»-ն ընդդիմադիր է, թե ոչ: Ընդդիմադիր չեն լինում իրենց ընդդիմադիր հռչակելով, պետք է լինեն կոնկրետ գործողություններ, իսկ իր գործողություններով հիմա Նաիրա Զոհրաբյանը կուսակցությունը տանում է դեպի կործանում, կան տեղեկություններ, որ մարդիկ մասսայաբար լքում են կուսակցությունը և նույնիսկ տարածքային կառույց է փակվել»,- ասաց Պետրոսյնաը:
Պատասխանելով «Անալիտիկ» լրատվականի հարցին՝ միթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ուղղակի մարդկանց մի խումբ է, որոնց հնարավոր է ցանկացած ուղղությամբ տանել, նույնիսկ եթե այդ ուղղությունը դեպի կործանումն է՝ Պետրոսյանն ասաց, որ տիկին Զոհրաբյանին դա դեռ հաջողվում է, սակայն հույս հայտնեց, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կընդդիմանան և կխանգարեն նրան:
ԲՀԿ-ական բանախոսը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է Զոհրաբյանը հաճախ լինում կառավարությունում և միթե Հովիկ Աբրահամյանի հետ է խորհրդակցելու գնում, ասաց, որ նման տեղեկություններ չունի և չգիտի, թե ում հետ է խորհրդակցում Զոհրաբյանը, բայց որ ինչ-որ մեկի հետ խորհրդակցում է, հաստատ է, քանի որ շատ հաճախ հնչեցնում է իր իսկ կարծիքին հակասող կարծիքներ: