Լուգանսկի մոտ ռուս լրագրողների սպանության գործով մեղավոր ճանաչված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի գործը պետք է ուղարկվի նոր քննության: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այսպես կարծում է Amnesty International միջազգային կազմակերպությունը:
«Սավչենկոյի գործը պետք է ուղարկվի արդար կրկնակի քննության»,- ասվում է Amnesty International-ի հայտարարության մեջ:
Միջազգային կազմակերպությունը կարծում է, որ անցած դատը «խորապես քաղաքականացված» է եղել:
Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը երկուշաբթի օրը Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության համար: Դատարանը ապացուցված է համարել այն հանգամանքը, որ 2014 թվականի հունիսի 17-ին նա ուկրաինական օդային ուժերին է փոխանցել խաղաղ բնակչության կոորդինատները, որոնք էլ հետագայում օգտագործվել են հաուբից D-30-ով հրետանային հարվածներ իրականացնելու համար: Կրակահերթի հետևանքով զոհվել են լրագրողներ Իգոր Կորնելյուկը և Անտոն Վոլոշինը:
Սավչենկոն նաև մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության սահմանը ապօրինի հատելու համար: Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: