Նույնիսկ 21-րդ դարի սկզբում առանձին գյուղական բնակավայրերում պահպանվել են հարսանիքների ժամանակ ճոխ նվերներով իրար հետ մրցելու սովորությունները: Հարսանիքի թամադան հայտարարում է.
-Բռլյանտի մատանին հորքուրի կողմից և նմանատիպ արտահայտություններ…
Ավելի լայն տարածվածություն ունի շաբաշի երևույթը, որն ինչպես հայտնի է, պարի ժամանակ միմյանց վրա փողեր շպրտելու տարօրինակ սովորույթն է: Շաբաշի ավելի նրբակիրթ տարբերակների դեպքում փողերը հովհարի ձև տված պարացնում են այնքան ժամանակ, մինչև հարսանիքի բոլոր ներկաները տեսնեն հիմնականում դոլարներից բաղկացած հովանոցը:
Արգամ Աբրահամյանի փիառով զբաղվողներն անշուշտ սերում են այնպիսի բնակավայրերից, որտեղ մինչ այսօր ընդունված է դոլարների հովանոցով պարը, սակայն անհրաժեշտ է նրանց բացատրել, որ բարեգործական նպատակներով հավաքած 1000 ԱՄՆ դոլարը չեն շարում արկղի վրա ու տարբեր կողմերից լուսանկարում, որից հետո էլ տեղադրում բոլոր հնարավոր սոցիալական ցանցերում: Օբյեկտիվորեն սա չի կարող լինել Արգամի մտահաղացումը. հավանաբար սա չափից դուրս նախաձեռնողականության արդյունք է: Անշուշտ, ողջունելի է Արգամ Աբրահամյանի կողմից բարեգործական տարբեր միջոցառումների մասնակցելը, սակայն անգրագետ լուսաբանումը ստվերում է ամեն լուսավոր բան:
