Հայաստան Քաղաքական 

ԱԺ փոխնախագահն ընդունել է Քուվեյթի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի և իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը և Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների ավանդական ջերմ հարաբերությունները և նշել, որ թեև առկա են ամուր գործընկերային հարաբերություններ, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք զարգացնելու ներուժ և հնարավորություններ կան:

ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին երկրորդ հայրենիք պարգևելու մարդասիրական քայլի համար: Նա վստահություն է հայտնել, որ նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաայի այցը Հայաստանի խորհրդարան նոր խթան կհանդիսանա՝ զարգացնելու արդեն ձևավորված կապերը և իրականացնելու նոր և փոխշահավետ ծրագրեր: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցությունն ու փոխայցերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է աշխարհում մեծ տարածում գտած և ահագնացող ահաբեկչությանն ու ծայրահեղականության դրսևորումներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Նա ընդգծել է, որ ահաբեկչությունը չունի ոչ ազգություն, ոչ կրոն: Նա դատապարտել է ժամեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը պատճառ է դարձել անմեղ մարդկային զոհերի և վիրավորների: Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ պայքարելու համար այս մարդատյաց երևույթների դեմ:

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի՝ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հյուրերին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անթույլատրելի է 21-րդ դարում: Նա ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է հարևանների հետ խաղաղ գոյակցության և առանց նախապայմանների հարաբերությունների, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին: Նա շեշտել է, որ թե Հայաստանը, թե Քուվեյթն իրենց տարածաշրջաններում ձգտում են խաղաղ գոյակցության և հարևանության:

Էդուարդ Շարմազանովը նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Հայաստանին տրամադրած մարդասիրական օժանդակության համար:

Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի և իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորել հարաբերությունների սերտացման և խորհրդարանական համագործակցության ակտիվացումն ու փոխայցերը: Նշելով Քուվեյթի Պետության հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային նույնպես նշել է, որ թե Հայաստանը, թե Քուվեյթն իրենց տարածաշրջաններում իրականացնում են խաղաղարար քաղաքականություն: Նա անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ պայքարելու համար ծայրահեղականության դրսևորումների և ահաբեկչության դեմ:

Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի և իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հրավիրել է այցելել Քուվեյթի Պետություն, ինչը սիրով ընդունվել է:

Նույն շարքից