Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ–ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ իրեն դուր չի գալիս, որ ԱԺ բարձր ամբիոնն օգտագործվում է ստեր տարածելու համար:
«Իմ դուրը չի գալիս, որ հրապարակավ հայտարարում են, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ չէ ցուցակների հրապարակմանը: Հարգելիներս, անթույլատրելի է ստելը, բարձր ամբիոնից առավել ևս»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա անգամ անգլերենով կարդաց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հատուկ Լևոն Բարսեղյանի ու Լևոն Զուրաբյանի համար:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ առանձին հարցրել է այդ մասին վենետիկցիներին, որոնք հավաստիացրել են, որ նման բան չեն գրել:
Նա կոչ է անում, եթե մի բան ընդդիմությանը դուր չի գալիս, թող ներկայացնեն առավել լավ առաջարկներ:
Ընդդիմության՝ տարածքների հետ կապված փաստարկներն էլ Դավիթ հարությունյանին դուր չեն գալիս:
Անդրադառնալով ելույթ ունեցողների հիմնական մասի բարձրաձայնումներին՝ Դ. Հարությունյանը հավատացրեց, որ կենտրոնացված համակարգը շատ ավելի հեշտ է կառավարել, քան խորհրդարանական կառավարման համակարգը:
Կառավարության –աշխատակազմի ղեկավարը կեսկատակ-կեսլուրջ, անդրադառնալով մատը թանաքոտելու առաջարկներին, նշեց, որ ավելի պապական մեթոդ կա՝ կարելի է մատը կտրել:
Այնուամենայնիվ, ամբիոնից հեռանալուց առաջ, նա խոստացավ դիտարկել ու քննարկել հնչած բոլոր առաջարկները: