Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ շփոթել են կոնսենսուս եւ կոնսոլիդացում հասկացությունները ուլտիմատումի հետ։ Այդ մասին մարտի 22-ին Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումների ընթացքում հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի հասարակությունը վստահի ընտրական գործընթացին։ Անդրադառնալով քվեարկածների ցուցակները հրապարակելու մասին ընդդիմության պահանջներին՝ Շարմազանովը հիշեցրեց. «Ընտրական օրենսգրքի նախագծի գլխավոր զեկուցող Դավիթ Հարությունյանը հստակ նշեց, որ ցուցակների պաշտոնական հրապարակումն անթույլատրելի է, սակայն մենք պատրաստ ենք հնարավորություն ընձեռել վստահված անձանց ծանոթանալ այդ ցուցակներին։ Եթե դուք այդքան վստահված անձինք չունեք կամ չեք վստահում նրանց, ապա ի՞նչ հույսով եք ուզում անցնել խորհրդարան։ 7 անդամով 78 հոգու ախորժակ ունեք»։