Apple-ի թոփ մենեջերները՝ ներառյալ ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, վաճառել են ընդհանուր 143 մլն դոլարի բաժնետոմս: Այս մասին հայտնում է Apple ֆինանսական բլոգը:
Թիմ Կուկը 35.25 մլն դոլարի ավելի քան 348 հազար բաժնետոմս է վաճառել, մարկեթինգի հարցերով փոխնախագահ Ֆիլ Շլլերը՝ 35.26 մլն դոլարի մոտ 349 հազար բաժնետոմս, իսկ ֆինանսական հարցերով տնօրեն Լուկա Մաեստրին՝ իրեն պատկանած 1.6 մլն դոլարի 16.37 հազար բոլոր բաժնետոմսերը:
Օպերացիաների հարցերով փոխնախագահ Ջեֆրի Ուիլյամսն իրացրել է 35.23 մլն դոլարի 349 հազար բաժնետոմս, իսկ ընկերության գլխավոր իրավաբան Բրյուս Սյուելը՝ 35.39 մլն դոլարի մոտ 349 հազար բաժնետոմս:
Արժեթղթերը վաճառվել են սեպտեմբերի 5-22-ը՝ այն բանից հետո, երբ դրանց արժեքը սեպտեմբերի 2-ին հասել է ռեկորդային ցուցանիշի: Մեկ բաժնետոմսն արժեցել է 103.74 դոլար:
Սեպտեմբերի 24-ին դրանց արժեքն ընկել է 3.5 տոկոսով՝ iOS 8-ի թարմացման հետ կապված խնդիրների մասին հաղորդագրությունների ֆոնին: