Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չհորինված երկխոսություն Երևանի սուպերմարկետներից մեկում: Մոտենում եմ կաթնամթերքի բաժնին: Ձեռքս գցում եմ, որ վերցնեմ հայրենական մի շիշ կաթ ու...
-Բարև ձեզ, ես «XYZ» ֆիրմայի ներկայացուցիչն եմ,-հաճելի ժպիտը դեմքին, շուտասելուկի նման արտասանում է բավականին համակրելի արտաքինով մի օրիորդ ու շարունակում,-կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել մեր ֆիրմայի արտադրած կաթի վրա...
- Սիրով,-արձագանքում եմ ես ու սկսում «խաղալ»,-ես նույնպես կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել Ձեր ֆիրմայի արտադրած կաթի վրա: Բայց նախ, գեղեցկուհի, ասացեք խնդրեմ, թե ի՞նչ կարգի մթերք է կաթը...
Այստեղ մեր սիրունիկ աղջկա «կոմպը կախում» է, ու նա շփոթաժպտահար նայում է անհաջող «պասաժիրիս»:
-Դե-ե՜... կաթ է:
-Պարզ է, - նկատում եմ կիսաձայն, ապա ավելի լսելի շարունակում:-Կաթը, «XYZ» ֆիրմայի հարգելի ներկայացուցչուհի, շուտ փչացող մթերք է: Այդպե՞ս է:
-Այո, այդպես է:
-Բարի,- ասում եմ ու,- խնդրում եմ, բարձրաձայն ընթերցեք, թե հատկապես ո՞ր օրն է արտադրվել Ձեր ընկերության կաթի հենց այն տուփը, որ առաջարկեցիք:
Սիրունիկ օրիորդը, խաթրիցս չի ելնում ու լավ լսելի, զրնգուն ձայնով ասում է.
-Քսաներեքը 9-րդ ամիս, 2015 թվական...
-Ահա՛, փաստորեն արտադրված է անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին: Այսինքն՝ համարյա կես տարվա կաթ է, այնպես չէ՞:
-Այդպես է, բայց այն դեռ ժամկետի մեջ է...
-Իսկ եթե այդպես է, ապա էլ ի՞նչ ժամկետ-մամկետ: Չէ՞ որ մենք միասին համոզվեցինք, որ կաթը շուտ փչացող ապրանք է: Դե, իսկ հիմա էլի մի հարց տամ: Այդ ի՞նչ քիմիա են լցրել այդ հեղուկի մեջ, որ կես տարվա ընթացքում դեռ կաթ է մնացել:
Էս մեր գեղեցկուհին ամոթխած ժպտում է: Ես շարունակում եմ.
-Լավ: Ինչպես ասվում է՝ վնիմանիե, պասլեդնի վապռոս՝ քանի՞ հատ աղյուս պետք է գանգատուփիս վրա վայրէջք կատարած լինի, որ ես գնեմ այդ «կաթը»:
Ասում եմ ու տեսնում, որ հանրահայտ ընկերության էս մեր սիրունատես օրիորդն անորորշ, բայց դեռ ժպտադեմ օրորվում է:
-Այնպես որ, կներեք, բայց ես ավելի լավ է հալալ կաթի փոշուց պատրաստված «տեղական» կաթը գնեմ: Սա, գոնե, այսօր է շշալցվել:
Վերջապես վերցնում եմ «մշտական» կաթնափոշեկաթը ու դանդաղ լքում «դեպքի վայրը»: Չնայած, ուզում էի տեսնել, թե էն ժպտադեմ աղջիկը ինչ-որ մեկին կսաղացնի՞ իր ներկայացրած ընկերության, ինչպես ասվում է՝ «բոլոր ժամանակների համար» թողարկած կաթնանման հեղուկը: