Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Մուրացկանությամբ զբաղվող երեխաների խնդիրների շուրջ քննարկում Երևանի քաղաքապետարանում

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուրացկանությամբ զբաղվող, թափառաշրջիկ անչափահասների խնդիրների հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

 Կլոր սեղանին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության աշխատակիցներ ու Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետեր:

 Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով անչափահասների խնդիրների կարգավորման հարցը, նշել է, որ մուրացիկ անչափահասների տեղավորման, կողմնորոշման, համապատասխան կառույցներ ուղղորդման և աջակցության տրամադրման հարցերը թեև մշտապես եղել են քաղաքապետարանի դիտակետում, այդուամենայնիվ անհրաժեշտ են առավել հստակ ծրագրեր, որոնք կնպաստեն խնդիրների լուծմանը:

 Վերջին տվյալներով՝ 2016 թվականի փետրվարին հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 13 երեխա: Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ ոստիկանության հետ համատեղ պարբերաբար տնայցեր են կազմակերպվում, բացատրական աշխատանքներ են տարվում ծնողների հետ:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն իր հերթին, արձանագրելով քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ ակտիվ ու արդյունավետ աշխատանքը, նկատել է, որ, ցավոք, մայրաքաղաքում խնդիրը շարունակում է մնալ արդիական:

 Հանդիպման ընթացքում ներկայացնելով մինչ օրս մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների հետ տարված աշխատանքները՝ մասնավոր դեպքերի օրինակներով քննարկվել են նաև խնդիրների լուծման նոր մոտեցումների կիրառման հնարավորությունները, օրենսդրական դաշտում կարգավորումների անհրաժեշտությունը: Արված առաջարկներն առաջիկայում կուսումնասիրվեն առավել մանրամասն՝ մուրացիկ անչափահասների խնդիրների կարգավորման աշխատանքներում ներառելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից