«Իրականում հետաքրքիր քառակողմ ձևաչափ է ձևավորվում Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Իրան համագործակցության շրջանակներում, ինչն արդեն մեկ ոլորտում իր արդյունքը տվել է»,-այսօր՝ մարտի 23-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է բարձրավոլտ էլեկտրաէներգիայի փոխանակման դաշտում համաձայնագիր ստորագրելուն և հավելեց, որ լավ կլինի, եթե հաջող փորձը տեղափոխվի նաև այլ ոլորտներ՝ հաղորդակցություն, ներդրումներ և այլն:
Պարոն Ոսկանյանի խոսքով, պատժամիջոցների կիրառումից ազատվելուց հետո Իրանը տարածաշրջանում իրավիճակ է փոխել և դա վերաբերում է ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական վիճակին. «Լավ հնարավորություններ են ստեղծվել նաև Վրաստանի համար, որը կարող է իրավիճակն օգտագործել Թուրքիայից և Ադրբեջանից իր կախվածությունը թուլացնելու համար: Վրացական իշխանությունները գազային բանակցությունների ձեռնարկմամբ արդեն իսկ ցույց տվեցին, որ չեն պատրաստվում ձեռքներից բաց թողնել առկա հնարավորությունները՝ թեկուզ ավելի էժան գներով Ադրբեջանից գազ գնելու համար»:
Բանախոսի խոսքով՝ իրավիճակը բավականին լավ է նաև Ռուսաստանի համար` Մոսկվան արդեն ուղերձներ է հղել՝ հուշելով, որ պատրաստ է բարելավել հարաբերությունները Վրաստանի հետ.«Եթե մինչ այսօր գործել է Արևելք-Արևմուտք առանցքը՝ Բաքու-Ջեհյան-Թբիլիսի և այլն, ապա արդեն կարող է գործել նաև Հյուսիս-Հարավ կամ Հարավ-Հյուսիս առանցքը, որը կապի Պարսից ծոցը Սև ծովին և առանցք, որի կարևորագույն օղակները կարող են դառնալ Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը»:
Ոսկանյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը կարող է նաև այլ դերակատարում ունենալ. «Այն ժամանակ, եթե Վրաստանը Հայաստանի համար միջոց էր դեպի հյուսիս դուրս գալու համար, ապա այսօր արդեն Հայաստանը կարող է նույն գործառույթը կատարել Վրաստանի համար արդեն դեպի հարավ ուղղության համար: Բացի դրանից, մենք կարող ենք միջնորդի դեր ունենալ նաև Իրան-Վրաստան հարաբերություններում: Իրանական կողմն արդեն հայտարարել է, որ ցանկանում է Հայաստանի տարածքով գազ արտահանել դեպի Վրաստան, սակայն դա չի նշանակում, որ այլ ուղիներ չեն դիտարկվելու, խոսքն այստեղ վերաբերում է օրինակ Թուրքիային և Ադրբեջանին, որոնց հետ ևս Իրանը հարաբերություններ ունենալու է, ինչը մեզ չպետք է ետ պահի մեր ծրագրերից»:
Իրանագետը կարծում է, որ այստեղ Հայաստանը լուրջ առավելություն ունի, քանի որ եղբայրական երկիր է ընկալվում Իրանի կողմից. «Մենք իրանցիներին կարող ենք առաջարկել այն, ինչը չեն կարող առաջարկել ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը՝ կայունություն և անվտանգություն: Մենք չունենք ոչ ահաբեկչության սպառնալիք, ոչ էլ էթնիկ խնդիրներ, ինչը չես կարող ասել Ադրբեջանի և Թուրքիայի մասին: Բացի այս ամենից, Հայաստանը նույն իրանցիներին կարող է կենցաղային մակարդակի անվտանգությամբ ապահովել: Այսօր Երևանում ցանկացած ժամին զբոսաշրջիկները կարող են դուրս գալ ու զբոսնել, իսկ Բաքվում, Անկարայում կամ Ստամբուլում այդպես չէ»: