Հայաստանը նորմալ է գործում Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում և դանդաղկոտություն չի ցուցաբերում պատժամիջոցներից ազատված Իրանի հետ հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու համար:
Այսօր՝ մարտի 23-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Հայաստանը դանդաղ է գործում և հնարավոր է Իրանը երկար չսպասի ու սկսի աշխատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ. «Եթե ուսումնասիրենք այն հաճախականությունը, որով Իրանից պատվիրակություններ են գալիս Հայաստան, կհասկանանք, որ դանդաղկոտության մասին խոսք լինել չի կարող: Այլ հարց է, որ շատ հարցերում կան ֆինանսական խնդիրներ և Հայաստանն այս կամ այն ծրագրի դեպքում պետք է գտնի ֆինանսական աղբյուրներ: Սա խնդիր է, որը չունեն Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ունեն ռեսուրսներ»:
Անդրադառնալով իրանա-թուրքական և իրանա-ադրբեջանական հարաբերություններին՝ իրանագետը կարծիք հայտնեց, որ դրանք դաշնակցային համարելը միանշանակ սխալ է. «Տարածաշրջանում Թուրքիայի և Իրանի մրցակցության մասին գիտեն բոլոր, այն առկա է: Ճիշտ է որոշ հարցերում այս երկրները համաձայնություններ ունեն, սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Մինչև վերջերս Իրանը Թուրքիայի տարածքն օգտագործել է որպես պատժամիջոցները շրջանցող ուղի, ինչի շնորհիվ Թուրքիան խոշոր եկամուտներ է ունեցել, իսկ հիմա այդ եկամուտների մի մասը կարելի է բերել լեգալ դաշտ»:
Ոսկանյանի խոսքով՝ հնարավոր է որոշ դեպքերում պետք է ավելի արագ լինել, սակայն ոչ բոլոր դեպքերում է շտապողականությունը օգտակար. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Իրան կատարած այցին, ապա այն շատ դեպքերում արարողակարգային բնույթ է կրում, իսկ ստորագրված համաձայնագրերից միայն 1-2-ը կարելի է լուրջ համարել:»