«Ակնհայտ է, որ Ռուսաստանի մոտ որոշակի անհանգստություններ կարող են լինել, սակայն նույն Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի մասնակցությամբ ստեղծված քառակողմ ձևաչափը հնարավորություն է տալիս ռեալիզացնել բոլորի շահերը»,-այսօր՝ մարտի 23-ին, «Անալիտիկ » մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Ռուսաստանը խանգարի Հայաստանի և Ւրանի հարաբերությունների զարգացման նոր մակարդակին, քանի որ այսպես, թե այնպես և քաղաքական, և տնտեսական հարցերում Իրանը հարց լուծող կողմ է լինելու և մեծացնելու է իր դերակատարումը:
Իրանագետը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի քաղաքական շրջանակներում կան ուժեր, որոնք կողմ են փափուկ ուժ կիրառելուն և Վրաստանը ռուսական ազդեցության գոտի վերադարձնելուն. «Բանն այն է, որ նույն փափուկ ուժը թույլ տվեց Արևմուտքին Վրաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց: Ռուսաստանը կարող է Վրաստանին այլընտրանք առաջարկել, առաջարկել համագործակցություն, որն իր ծավալներով չի զիջի Արևմուտքի կողմից հովանավորվող ադբեջանա-թուրքական ծրագրերին: Չեմ կարծում, թե վրացիներն ուրախ են իրենց երկրում թուրքերի և ադրբեջանցիներ նման ներկայացվածութամբ»:
Ինչ վերաբերում է Analitik.am-ի լրագրողի այն հարցին, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու դեպքում բոլոր ջանքերը ջուրն ընկնեն, եթե հաշվի առնենք այն, որ վերջինս հայտարարել է, թե նախագահ ընտրվելուց հետո չեղյալ է համարելու իրանական միջուկային համաձայնագիրը, Ոսկանյանն ասաց, որ մշտապես կա վտանգ, որ իրանա-ամերիկյան հարաբերությունները ետ կվերադառնան մինչհամաձայնագրային փուլ. «Սակայն ես կարծում եմ, որ Թրամփի հայտարարությունն ավելի շատ պահպանողական ընտրազանգվածի ձայները ստանալու նպատակ է հետապնդում: Դա կարող է արվեց նաև հրեական համայնքի ձայների համար: Բանն այն է, որ նախագահի փոփոխության դեպքում ԱՄՆ քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինում: Հնարավոր է լինեն սրացումներ, ուղեգծի խստացում, սակայն 180 աստիճանի փոփոխություն չի լինի: Բացի դրանից, ԱՄՆ-ը ևս այս տարածաշրջանում ունի իր շահերը, իսկ Իրանը կարևորագույն դերակատարում ունի կայունություն ապահովելու գործում: Պետք չէ մոռանալ, որ քայլեր կարող են լինել նաև Իրանի կողմից, քանի որ Թեհրանը մշտապես ադեկվատ պատասխան է տալիս»: