Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեքշաբթի փրկել է կողաշրջված մեքենայում հայտնված հղի կնոջը, փոխանցում է Lenta.ru-ն։
Ականատեսներից ռեժիսոր Գիգի Քիթիան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես է նախագահը մեքենայի միջից դուրս հանում կնոջը.
«Ես սարսափելի վթարի ականատես եմ եղել։ Կողաշրջված մեքենայից հղի կնոջն օգնել է հանել նախագահը, ով պատահաբար այդ ամենի ականատեսն էր դարձել։ Նախագահը փորձում էր գործի դնել մեքենայից հանած կրակմարիչը: Վթարը տեղի է ունեցել գազալցակայանի մոտ, և չնայած վտանգի աստիճանին՝ նախագահը չի շրջանցել այն»,- գրել է նա։
Քիթիան գրել է, որ մեքենայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ չսպասելով շտապօգնության ժամանմանը։