Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի կառավարությունը ողջունել է Նովրուզի շեմին Ադրբեջանում հայտարարված համաներումը, որն առնչվել է 148 մարդու՝ ներառյալ լրագրողները, քաղբանտարկյալներն ու ՀԿ-ների անդամները։
Այդ մասին նշված է Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հայտարարությունում. «Մենք հուսով ենք, որ այդ ժեստը կուղեկցվի նաև իրենց քաղաքական գործունեության համար ազատազրկված կամ պայմանական ազատազրկում կրող մյուս անձանց նույնպես ազատելով, ինչը կնպաստի օրինականության ամրապնդման ուղղությամբ ընդհանուր շարժին»։
Մարտի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներել է 148 դատապարտյալի, այդ թվում նաև 14 քաղբանտարկյալի։ Բացի այդ, Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել լրագրող Ռաուֆ Միրկադիրովը։