Բուխարեստում խորհրդարանի շենքի առջեւ բախումներ են գրանցվել ժանդարմների եւ ցույցի դուրս եկած ֆերմերների միջեւ: Շուրջ հազար ցուցարարներ փորձել են ճեղքել արգելափակումը եւ մտնել պետական հաստատության ներքին բակ: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:
Ըստ ՏԱՍՍ-ի, երկրի տարբեր հատվածներից մայրաքաղաք ժամանած ֆերմերները հսկայական տարաներով կաթ են թափել խորհրդարանի առջեւ: Նրանք նաեւ «Ավելի շատ ռումինական ապրանքներ խանութներում», «Արդար առեւտուր ենք պահանջում», «Կորչի գյուղատնտեսության մաֆիան» եւ այլ կարգախոսներով պաստառներ են պարզել:
Ցուցարարները պահանջում են մի շարք փոփոխություններ կատարել գյուղատնտեսության մասին նորմատիվ ակտերում, սուբսիդիա տրամադրել ագրարային կոոպերատիվներին եւ ասոցիացիաներին, օգնել փոքր ֆերմերային տնտեսություններին: