Հասարակություն 

Հայաստանը պատրաստվում է դառնալ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն

analitik.am

Հայաստանը վերականգնում է ոսկեգործական իր ավանդույթներն ու պատրաստվում դառնալ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն։ Նպատակն իրագործելի դարձնելու համար արդեն 4-րդ տարին անընդմեջ «Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը» (AJA) Հայաստան է բերում աշխարհի լավագույն ոսկեգործական ընկերություններին և ոսկերիչներին` միևնույն ժամանակ հնարավորություն տալով տեղի մասնագետներին ներկայացնելու իրենց աշխատանքները։ Այս տարի ևս հոկտեմբերը Հայաստանում կվերածվի ոսկերչական տոնի։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է միջոցառումների այն ցանկը, որոնց մասնակիցը կարող է դառնալ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։

Երևանում արդեն 4-րդ անգամ «Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը» (AJA) կազմակերպում է «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը` նորաբաց «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում: Ցուցահանդեսն այս տարի հյուրընկալում է շուրջ 27 երկրի (ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Քուվեյթից, Հնդկաստանից, Հորդանանից, Արգենտինայից, Ճապոնիայից, Բելառուսից, Ավստրալիայից, Էստոնիայից և այլն) հայտնի ոսկերչական և ժամագործական ավելի քան 150 մասնակից ընկերություն, մ ոտ 500 արտասահմանյան գնորդների, փորձագետների և բարձրաստիճան հյուրերի: Միաժամանակ ցուցահանդեսին կմասնակցեն մոտ 25 տեղական ընկերություններ:

«Yerevan Show 2014»-ի պատվավոր հյուրերն են Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին, «VICENZAORO» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Fierra di Vicenza ընկերության գործադիր տնօրեն Կորադո Ֆակոն, Ռուսաստանի Պետական գանձարանի (ГОХРАН) ղեկավար Անդրեյ Յուրինինը, Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի (IDMA) նախագահ Մաքսիմ Շկադովը, Իսրայելի ոսկերիչ արտադրողների միության գործադիր տնօրեն Իցխակ Բենդորը, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահ Գարի Լևինը, ինչպես նաև հանրահռչակ Դե Բիրս և ԱԼՌՈՍԱ ընկերությունների ղեկավարները:

Ոսկերչական տոնն այս տարի կհամալրի «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձևության շաբաթը: Այն Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ և կրելու է շարունակական բնույթ: Նորաձևության ցուցադրության ընթացքում իրենց հավաքածուները կներկայացնեն մոդելավորողներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: Միջոցառմանը կցուցադրվեն նաև Հայաստանում ներկայացված բրենդային խանութներ: Ցուցահանդեսի նպատակն է երիտասարդ և արդեն կայացած հայ դիզայներների, ինչպես նաև օտարերկրյա մոդելավորողների համար հարթակ հանդիսանալ` ներկայացնելու իրենց հաաքածուները, ինչն իր հերթին կխթանի Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացումը: Այս եռօրյա շոու- ցուցադրությունն անցկացվելու է «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում հոկտեմբերի 24-26-ը։ Միջոցառման կազմակերպիչներն են «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնը և «ԱՏԵՔՍ» նորաձևության կենտրոնը:

«Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն»

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արդյունաբերության զարգացման հիմնադրամը AJA-ի հետ համատեղ կազմակերպում է տարածաշրջանային համաժողով՝ «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» թեմայով: Համաժողովի պլենար նիստին ելույթով հանդես կգան ՀՀ կառավարության շահագրգիռ մարմինների ղեկավարները և ոլորտի միջազգային կառույցների ղեկավարներն ու փորձագետները: Համաժողովի շրջանակում կազմակերպվելու են ոլորտային կլոր սեղաններ երկու հիմնական ուղղություններով` ոսկեգործություն և ադամանդագործություն:

Միջոցառման պատվավոր հյուրերն են Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին, «VICENZAORO» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ, Fierra di Vicenza ընկերության գործադիր տնօրեն Կորադո Ֆակոն, Ռուսաստանի Պետական գանձարանի (ГОХРАН) ղեկավար Անդրեյ Յուրինինը, Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի (IDMA)նախագահ Մաքսիմ Շկադովը, Իսրայելի ոսկերիչ արտադրողների միության գործադիր տնօրեն Իցխակ Բենդորը, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահ Գարի Լևինը, ինչպես նաև հանրահռչակ Դե Բիրս և ԱԼՌՈՍԱ ընկերությունների ղեկավարները:

«Armenian Art Fair» հայ գեղանկարիչների ցուցահանդես

«ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում կազմակերպվող միջոցառումնի շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ գեղանկարիչների «Armenian Art Fair» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի անցկացման օրերն են հոկտեմբերի 24-28-ը։ «Armenian Art Fair»-ին կներկայացվեն ավելի քան 15 հայ անվանի և երիտասարդ նկարիչների և քանդակագործների մոտ 120 աշխատանք: Ցուցահանդեսի կազմակերպման նպատակն է տեղացի և արտասահմանյան հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից գեղանկարիչների դիմանկարներն ու միտումները:

Նույն շարքից