Քաղաքական Միջազգային գլխավոր 

Թուրքիան փորձում է ինչ-ինչ զիջումներ ստանալ ԵՄ-ի կողմից. Փորձագետներ

Պատճառ չկա, որ Անկարայում պայթած ռումբերը չպայթեն նաև Բրյուսելում, կամ ԵՄ այլ քաղաքներում: Այս մասին մարտի 18-ին ունեցած իր ելույթում նշել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ամպագոռգոռ հայտարարությունում նա մեղադրել էր Եվրոպական առանձին երկրներին՝ ահաբեկչության դեմ անհրաժեշտ պայքար չտանելու, այդ հարցում Թուրքիային օժանդակություն ցույց չտալու և փոխարենն ահաբեկիչներին աջակցելու համար:

«Որևէ պատճառ չկա, որ Անկարայում պայթած ռումբերը չեն պայթի նաև Բրյուսելում, որտեղ քաղաքի կենտրոնում հնարավորություն է տրված ահաբեկչության կողմնակիցներին շոու իրականացնելու: Չնայած պարզ իրականությանը, Եվրոպական երկրները ուշադրություն չեն դարձնում դրան, կարծես, պարելիս լինեն ականների դաշտում: Չես կարող իմանալ, թե երբ ոտքդ կդնես ականի վրա, բայց պարզ է, որ նման վերջաբանն անխուսափելի է լինելու»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը:

Բրյուսելում հնչած պայթյուններից հետո այս հայտարարությունը կարծես թե ստիպում են մտածել, որ Էրդողանն իրոք կապ ունի դրանց հետ: Այս թեմայի շուրջ Analitik.am-ը զրուցել է փորձագետների հետ:

Մեր հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությամբ Իսլամական պետությունը ցույց է տալիս, որ ակտիվ է Արևմուտքում և Ջիհադական պայքարը շարունակելու է Եվրոպական երկրներում:

«Խնդիրն այն է, որ այս գործողությունն այնքան էլ լավ կազմակերպված չէր , հրատապ իրականացվեց: Բելգիայում լայն իսլամական բջիջ կար և այդ առումով հեշտ էր այն իրականացնել: Նպատակն այն էր, որ ինձ լուրջ վերաբերվեք և եթե մեզ խոցում եք Մերձավոր արևելքում, ապա ես կարող եմ ձեզ պատասխան տալ ձեր երկրներում: Իմ կարծիքով՝ հաճախակի ահաբեկչական գործողությունների չեն գնա և կկենտրոնանան Իրաքում և Սիրիայում, սա ուղղակի մեսիջ էր, որ իմ թիրախում Արևմուտքն է և ես ցանկացած վայրում ցանկացած ժամանակ կարող եմ իրականացնել գործողություններ»:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի մարտի 18-ի արած հայտարարությանն արաբագետը կարծում է, որ դա ուղղակի պատահական համընկնում էր:

«Էրդողանի ասածն ուղղակի համընկել է այս ահաբեկչության հետ, այն, որ կանխատեսել էր կամ ուղղորդել էր չեմ կարծում»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը ևս չի կարծում, որ Անկարան կապ ունի այդ գործողությունների հետ:

«Կապ որպես այդպիսին չեմ գտնում, ուղղակի այս իրավիճակում Թուրքիան փորձում է իր հնարավորությունները, Եվրոպայի հետ հարաբերվելու խաղադրույքները մեծացնի: Դրանից առաջ Էրդողանն էլի էր հայտարարել, որ Եվրոպայի բախտը չի կարող որոշվել առանց Թուրքիայի, Դավիթօղլուն էլ հայտարարել էր, որ Թուրքիան Եվրամիության համար առաջնահերթ կարևորություն ունի, այսինքն ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, նաև ահաբեկչությունների ֆոնին, որ Թուրքիան փորձում է Եվրամիության հետ իր հարաբերությունները խորացնի և օգտագործելով որոշ լծակներ ինչ-ինչ կարևոր զիջումներ ստանալ»,- ասաց Լևոն Հովսեփյանը:

Նույն շարքից