Քաղաքական Միջազգային Ռազմական 

Իսլամի ներխուժումը Եվրոպա, բերում է նացիոնալիստական ուժերի զարգացմանը. Կարեն Քոչարյան

«Եվրոպական հատուկ ծառայությունները տեղյակ են եղել տեղի ունենալիք ահաբեկչության մասին և եթե հետևում եք լրահոսին, ապա գիտեք, որ ահաբեկչությունից մեկ օր առաջ Ֆրանսիան հայտարարեց Բելգիայի հետ սահմանի պահպանությունն ուժեղացնելու մասին»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան:

Բանախոսը նաև կատարվածը կապեց Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու հետ՝ կարծիք հայտնելով, որ գերքաղաքական կենտրոնները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիությունը, պայմանավորվել են ահաբեկչության դեմ միասին պայքարելու հարցում.

«Ինչպես ժամանակին սեպտեմբերի 11-ից հետո սկսվեց պայքար Ալ-Քաիդայի դեմ, այնպես էլ կլինի այժմ: Կարծում եմ նաև, որ կթուլանա ճնշումը Ռուաստանի վրա, քանի որ ընդհանուր թշնամին կլինեն ահաբեկիչները, ինչպես եղավ 2000-ականների սկզբին: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ Գերմանիայում տեղի ունեցած վերջին ընտրությունների արդյունքում բավականին լուրջ հաղթանակ գրանցեցին նացիոնալիստական ուժերը: Կարելի է ենթադրել, որ իսլամի ներխուժումը Եվրոպա, բերում է նացիոնալիստական ուժերի զարգացմանը, ինչը մոտակա մի քանի տարիներին կլինի երևի թե Եվրոպայի շատ երկրներում, անգամ՝ պահպանողական Անգլիայում», -ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Եվրոպան ուտում է այն ճաշը, որն ինքն է եփել, ցավոք՝ ոչ միայնակ:

Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր է, որ ծայրահեղական ուժերի ակտիվացումը հանգեցնի եվրոպական արժեքների քայքայմանը, քաղտեխնոլոգն ասաց, որ մենք ենք ամեն ինչին ծայրահեղական նայել՝ կամ ամենալավը, կամ ամենավատը մատնանշել.

«Մի մասն ասում է, որ ամեն ինչ լավ է, մի մասն էլ ասում է, որ ամեն ինչ վատ է: Այնպես չէ, որ նույն նույնասեռականությունն Ասիայում չկա և այլն: Ինչ վերաբերում է արժեքներին, ապա դրանք հարյուրավոր տարիների ընթացքում ձևավորված արժեքներ են և դրանք վերանայելու հարց չկա»:

Անդրադառնալով նրան, թե որքան է ամեն ինչ վտանգավոր Հայաստանի համար՝ Քոչարյանն ասաց, որ մենք մոտ ենք ամեն ինչին և չենք կարող շատ դուրս մնալ ընթացող գործընթացներից նաև այն պատճառով, քանի որ մեր գործընկերներն ու հարևաններն անմիջական մասնակից են.

«Լավ կլինի, եթե մենք չմտնենք պատերազմական գործողությունների մեջ, իսկ ահա դիվանագիտական հարցերում պետք է մասնակցություն ունենանք, և ունենք, հակառակ դեպքում՝ մեզ հետ ոչ ոք հաշվի չի նստի: Մեզ համար այսօրվա ֆոնը բարենպաստ է, այլ բան է, թե ինչ պտուղներ կկարողանանք քաղել»:

Նույն շարքից